Մեկնարկում է ՀՊՏՀ աշխատակազմի ամենամյա արձակուրդը
Այսօրվանից ՀՊՏՀ կառուցվածքային ստորաբաժանումները, այդ թվում` լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, մեկնում են ամենամյա արձակուրդի:
Ամփոփեցինք ևս մեկ ուսումնական տարի, որն աննախադեպ էր, լի անակնկալներով ու մարտահրավերներով: ՀՊՏՀ աշխատակազմը կարողացավ պատվով հաղթահարել դրանք, պատշաճ կազմակերպել առցանց կրթության գործընթացը: Արտակարգ դրության պայմաններում ստվերում չմնաց նաև մեր սիրելի ՀՊՏՀ-ի 45-ամյակը. այն նշանավորեցինք առցանց հրապարակումներով և դեռ կնշանավորենք բազմապիսի նախաձեռնություններով:
Արձակուրդի շրջանում ևս, ինչպես ամեն տարի, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը դիտակետում կպահի կարևորագույն կրթական իրադարձությունները, անհրաժեշտության դեպքում հանդես կգա հրապարակումներով: Առցանց հարթակում հետևե′ք բացառապես ՀՊՏՀ պաշտոնական լրատվական աղբյուրներին:
Արտակարգ դրությունը շարունակվում է. մի կողմից համաճարակը, մյուս կողմից` սահմանային լարվածությունը, և սա կրկին ու կրկին պահանջում է բոլորիս զգոնությունը, համախմբվածությունը: Հայ ժողովուրդը դժվարին պահերին միշտ միասնականություն է ցուցաբերել, ինչի շնորհիվ կարողացել է հաղթահարել դժվարությունները: Վստահ ենք` սա էլ կհաղթահարենք միասնաբար:
Մեր զորակցությունն ենք հայտնում հայ զինվորներին, փառք ու պատիվ մեր սահմանն ամուր պահող հայոց բանակին:
Թող բարին ուղեկից լինի բոլորիս:
Կվերադառնանք մեկ ամիս անց: Առողջ եղեք, մինչ հանդիպում:
Հ.Գ. Արձակուրդի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կից հայտարարությունից, որը ավելի վաղ տրամադրել է մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին