Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2-րդ անգամ ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում

21.06.2021
Դիտումների քանակ՝ 1476

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի հունիսի 19-ի նիստում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով։

ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Անի Հակոբյանը, asue.am-ին ներկայացնելով գործընթացը, մանրամասնեց. «ՀՊՏՀ-ն 2018 թ. մայիսին դիմում-հայտ է ներկայացրել ՈԱԱԿ՝ հավատարմագրման կարգի համաձայն, որից հետո 2019 թ. հոկտեմբերին տեղի է ունեցել փորձագիտական խմբի առաջին այցը: Այնուհետև գործընթացը դադարեցվել է՝ կորոնավարակով պայմանավորված, ապա կրկին վերսկսվել է միայն այս տարի։ Հավատարմագրում ունենալը բարձրագույն ուսումնական հաստատության կայուն գործունեության և զարգացման երաշխիքներից մեկն է։ Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել , որ տվյալ բուհի մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից: Գնահատումն իրականացվում է 10 չափանիշներով, որոնք վերաբերում են համալսարանի գործունեության բոլոր ասպեկտներին, և միայն դրանք բավարարելու պարագայում է հնարավոր բուհի հավատարմագրումը։ ՀՊՏՀ հավատարմագրումը վկայում է այն մասին, որ ՀՀ-ն ճանաչել է համալսարանի և մեր կրթական ծրագրերի որակը, ինչպես նաև հավաստում է, որ ՀՊՏՀ-ն ունի անհրաժեշտ կարողություն՝ երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Այս համատեքստում, ես կարևորում եմ այն հանգամանքը, որ մենք շնորհում ենք այնպիսի որակավորում, որը շրջանավարտներին թույլ է տալիս շարունակելու իրենց կրթությունը ՀՀ-ի ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ էլ ծավալելու ցանկալի մասնագիտական գործունեություն։ Ավելին, լինելով Բոլոնիայի գործընթացի անդամ երկիր, ուսանողների շարժունության և հետագա ուսումնական հնարավորությունների տեսանկյունից առանցքային է, որ ձեռք բերված որակավորումը շնորհված լինի հավատարմագրում ստացած բուհի կողմից։ Դա անհրաժեշտ նախապայման է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսումն այլ մակարդակում շարունակելու համար»։

Անի Հակոբյանի խոսքով՝ կորոնավարակով պայմանավորված դադարի ժամանակահատվածը բուհի ղեկավար կազմն օգտագործել է բարելավումներ կատարելու համար՝ մշակվել է «COVID-19 համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ՀՊՏՀ կրթության որակի ապահովման ուղեցույց», իրականացվել են առցանց կրթության կազմակերպման արդյունավետությունից ներքին շահակիցների բավարարվածության գնահատման հարցումներ, գնահատվել է ստորաբաժանումների գործառույթների արդյունավետությունը, բարելավվել են մասնագիտական կրթական ծրագրերը և արդյունքը և, ՀՊՏՀ գործունեության բարելավման պլանի և գործողությունների ժամանակացույցի հետ մեկտեղ, ներկայացվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին։

Հիմնադրամի տեղեկատվության համաձայն՝ հավատարմագրման հանձնաժողովը քննարկել է հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ փորձագետների զեկույցները, դիտարկել դրական և բացասական գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվել է նաև, թե որքանով են իրատեսական հաստատությունների բարելավման ծրագրերը։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն առաջին անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել 2015 թ.։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին