Լույս դարձած տղաները ներկա են. հիշատակի միջոցառումը բուհ էր բերել հերոսների ծնողներին
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ՈւԽ նախաձեռնությամբ այսօր մեր համալսարանում ՀՊՏՀ ուսանող-հերոսների հիշատակին նվիրված ցերեկույթ էր, որին հատուկ հրավերով մասնակցում էին նրանց ծնողները, հարազատներն ու ընկերները։
Արցախա-ադրբեջանական պատերազմում մարտիրոսված մեր քաջորդիների հոգու հանգստության համար համալսարանի բակում միասնական աղոթք հնչեց առ Աստված, ապա ցերեկույթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակի խաչքարին։ Այնուհետև մեծ դահլիճում ՀՊՏՀ-ականներն անուն առ անուն հիշեցին իրենց դասընկերներին, որոնք անմահացել են ու դարձել հայրենասիրության, արիության ու անօրինակ սխրանքների մարմնացում։
Հերոսածին մայրերին բուհի անունից անսահման երախտագիտություն հայտնեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում Տնտեսագիտական մայր բուհում հիմնվելու է հերոսների հիշատակի լսարան։
Ցերեկույթը վերհուշ էր՝ խտացած ՀՊՏՀ քաջերի մասին մտորումներով… Յուրաքանչյուրը ազնվական ու հայրենապաշտ հայի մի բացառիկ օրինակ է. ոմանք վայրկյան առաջ ուսանողական նստարանից շտապեցին սահման՝ կամավորագրվելու, ոմանք էլ՝ զինվորական ծառայության՝ սրբազան պարտքը կատարելու։
Նրանց պատմությունները հայրենիք սիրելու, անձնվիրաբար երկիր ու հող պահելու մասին են և սերնդեսերունդ են հնչելու։
asue.am-ը պատիվ ունեցավ զրուցելու Արցախի հերոս բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի մոր՝ Սուսան Գրիգորյանի հետ։ Նրա խոսքով՝ որդու մեծ երազանքն էր տնտեսագետ դառնալը, և նա ՀՊՏՀ-ում սովորում էր մեծ ոգևորությամբ։
«Իմ Դավիթի համալսարանում գտնվելը համակել է ինձ հպարտության, կարոտի, ցավի զգացումով։ Հիշում եմ՝ ինչ խանդավառված էր սովորում, իրեն դուր էր գալիս ուսանող լինելը, սիրում էր իր բուհը, մասնագիտությունը…»,-ասաց տիկին Սուսանը։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին կազմակերպիչները՝ միջոցառման գլխավոր նպատակներից մեկը հերոսների ծնողներին յուրահատուկ ձևով շնորհակալություն հայտնելն էր. շնորհակալություն՝ հայրենիքի զինվորներ ծնելու և դաստիարակելու, շնորհակալություն՝ մեր խաղաղությունն ապահովելու և որդիների կյանքի գնով մեզ կյանք նվիրաբերելու համար։
ՀՊՏՀ-ականները հավաստիացրին՝ հանուն հայրենյաց ու հավատքի լույս դարձած տղաները միշտ ներկա են իրենց համալսարանում, նրանք հավերժ ուսանող են և դարձել են ՀՊՏՀ նորագույն պատմության հերոսները։
Ցերեկույթն ավարտվեց հոտնկայս ծափահարություններով…
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին