Կյանքից հեռացել է պրոֆեսոր Մարտին Ֆահրադյանը

09.04.2021
Դիտումների քանակ՝ 3521

Խոր վշտով հայտնում ենք, որ ՀՊՏՀ ընտանիքը անդառնալի կորուստ կրեց։ Երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր համալսարանի երախտավոր Մարտին Վարդանի Ֆահրադյանը։

Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը վաստակաշատ պրոֆեսորի մասին ներկայացրել է իր և ամբիոնի գործընկերների սրտի խոսքը՝ նշելով, որ պրոֆեսոր Ֆահրադյանը մեր բուհի հիմնադիրների վառ սերնդի ականավոր ներկայացուցիչներից է, ով իր ողջ մասնագիտական գործունեությունը լրիվությամբ և անմնացորդ կերպով նվիրաբերեց ՀՊՏՀ-ին։ Հիրավի, գրեթե կես դար նույն կրթօջախում անցկացնելը մեծագույն նվիրումի, գործի ու մարդկանց նկատմամբ պատասխանատվության և սիրո բացառիկ պատմություն է, պատմություն, որն իր ամենօրյա աշխատանքով կերտեց ու իր բյուրավոր ուսանողներին, ասպիրանտներին, գործընկերներին ավանդեց մեր սիրելի պրոֆեսորը։

Մարտին Ֆահրադյանը մեր հանրապետությունում վիճակագրության դպրոցի հիմնադիրներից է, ում աշակերտը համարվելու պատիվն ունեն ամենատարբեր ոլորտներում կայացած և մեծ նվաճումների հասած մասնագետներ։

Պրոֆեսոր Ֆահրադյանի կյանքն ու գործունեությունը նվիրվածության ու պատասխանատվության, անկեղծ ու անմնացորդ սիրո, շիտակության և սկզբունքայնության բացառիկ, միաժամանակ՝ նաև ուսանելի պատմություն է, որը հետագա սերունդների համար մասնագիտական կայացման փշոտ ու դժվարին ճանապարհին յուրօրինակ փարոս և վառ օրինակ է։

Վշտակցում և մեր զորակցությունն ենք հայտնում պրոֆեսոր Ֆահրադյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին