ՀՊՏՀ խորհուրդը հավանություն տվեց բուհի 2019թ. գործունեության արդյունքներին և հաստատեց 2020թ. բյուջեն (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 3064

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր կայացավ խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանի գլխավորությամբ, խորհրդի 22 անդամների մասնակցությամբ:

Նիստի մեկնարկին խորհրդի նախագահը համառոտ ներկայացրեց 2019թ. խորհրդի կատարած աշխատանքները՝ նշելով, որ տեղի են ունեցել խորհրդի մի քանի հանդիպումներ, խորհուրդը, ի թիվս ընթացիկ խնդիրների, բավական աշխատանք է կատարել համալսարանի իրավակազմակերպական կարգավիճակի փոփոխության համար, ապա ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին առաջարկեց սույն հարցի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել խորհրդի անդամներին: Դիանա Գալոյանը մանրամասնեց, որ խորհրդի նախորդ նիստից հետո համալսարանը հիմնադրամի վերակազմավորելու մասին կանոնադրությունը ներկայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, փաստաթուղթը շրջանառվել է համապատասխան գերատեսչություններում, եղել են առաջարկներ և դիտարկումներ, որոնց առնչությամբ ՀՊՏՀ-ն փաստաթղթում կատարել է փոփոխություններ և այն կրկին ներկայացրել նախարարություն:

Այնուհետև նիստի օրակարգային միակ հարցը՝ «ՀՊՏՀ 2019թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2020թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին», զեկուցեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը:

Սկսելով զեկուցումը՝ Դիանա Գալոյանը նշեց, որ փորձել է դուրս գալ հաշվետվությունների ստանդարտ ձևաչափից և ՀՊՏՀ գործունեության արդյունքները ներկայացնել ոչ թե ըստ ուղղությունների, այլ ըստ ՀՊՏՀ 2018-2022 թթ. զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի նպատակների: «Սա նախ թույլ կտա արձանագրել, թե արդյոք ռազմավարությամբ նախանշված նպատակները կատարվել են, թե ոչ, և երկրորդ՝ վեր հանել առկա խնդիրները և 2020 թ․ մեր հիմնական անելիքները»,- ասաց Դիանա Գալոյանը։

Նշենք, որ ՀՊՏՀ 2019թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները և 2020թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներն արտացոլող հաշվետվությունն ամբողջությամբ հասանելի է համալսարանի պաշտոնական կայքի «Հաշվետվություններ» խորագրի ներքո, որին կարող եք ծանոթանալ այստեղ:  Բուհի ղեկավարի հաշվետվությունից ներկայացնենք հիմնական ընդգծումները:

Ներկայացնելով ՀՊՏՀ տարեկան հաշվետվությունը՝ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ 2019 թ. կրթության եռաստի­ճան հա­մակարգով համալսարանում իրականացվել են 76 կրթական ծրագրեր, այդ թվում՝ 11 նոր և 27 նախկին բակալավրական, 33 մա­գիստրոսական և 5 ասպիրանտական՝ հատկանշելով, որ բակալավրական 27 մասնագիտական կրթական ծրագրերով համալսարանը պատրաստել է վերջին շրջանավարտներին և այսուհետ իր գործունեությունը ծավալելու է 11 նոր կրթական ծրագրերով:

Դիանա Գալոյանի խոսքով՝ ֆինանսական մուտքերի նվազմանը դիմագրավելու և աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակով համալսարանում իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ՀՊՏՀ 2018-2022 թթ․ ՌԶԾ-ով պլանավորված են եղել 2020 և 2021 թթ. համար։ Մասնավորապես, համալսարանը գործատուների հետ համատեղ մշակել և սկսել է իրականացնել վճարովի կարճատև դասընթացներ, կնքել է համատեղ կրթական ծրագրերի իրականացման համաձայնագրեր և ակտիվացրել է ջանքերը հետազոտությունների ֆինանսավորման նոր աղբյուրներ ներգրավելու ուղղությամբ։ «Մյուս կողմից, համալսարանն էապես վերափոխել է հանրային հարթակներում տեղեկատվության տարածման սկզբունքներն ու ինտենսիվությունը, ուսանողական խորհրդի հետ համատեղ իրականացնում է լայնածավալ աշխատանք քոլեջների և ավագ դպրոցների աշակերտների հետ, պատրաստել է մասնագիտական կողմնորոշմանը նպաստող գովազդա-տեղեկատվական բուկլետներ և տեսահոլովակներ»,- ասաց Դիանա Գալոյանը:

Կրթական ծրագրերի որակի բարձրացման սահմանված նպատակին հասնելու համար, ինչպես նշեց ռեկտորի պաշտոնակատարը, 2019 թ. իրականացվել են մի շարք քայլեր, որոնց թվում՝ կարգերի մշակում, թափուր դասաժամերի մրցույթի անցկացում, բուհ-աշխատաշուկա համագործակցության խորացմանը միտված քննարկումների և միջոցառումների կազմակերպում, մագիստրոսական նոր կրթական ծրագրի ներդրում, համագործակցության հուշագրերի և պայմանագրերի կնքում՝ կրթական ծրագրերի իրականացման և հետազոտությունների բնագավառում փոխգործակցության ուղղությամբ, աշխատանքի տոնավաճառի, վարպետաց և բաց դասերի, քննարկումների ու համաժողովների կազմակերպում, ուսումնական գործընթացի ավտոմատացված ծրագրային փաթեթի ներդրում, փորձարարական հիմունքներով Moodle համակարգում դասավանդման և ուսումնառության կազմակերպման գործընթացի մեկնարկում և այլ:

Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ ՀՊՏՀ ՌԶԾ գործունեության արդյունավետության բարձրացման նպատակը իրացնելու համար կատարվել են մի շարք քայլեր, որոնց շարքում՝ միջազգային ծրագրերից ֆինանսավորման ներգրավման նպատակով համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ներգրավել է fundraiser-ի, համալսարանը հիմնել է իր առաջին ստարտափ նախագիծը՝ ASUE Change Lab-ը, հիմնվել է նաև ուսանողական Creactive կամավորական ակումբը, գործունեության դիվերսիֆիկացման նպատակով համալսարանը մուտք է գործել վերապատրաստումների և կարճաժամկետ դասընթացների ծառայությունների շուկա:

Գիտահետազոտական ոլորտում կատարված աշխատանքներից նա մասնավորապես մատնանշեց. «ՌԶԾ կիրառական հետազոտություններ-կրթություն ինտեգրման և կիրառական հետազոտություններ-տնտեսություն համագործակցության ապահովման նպատակը իրացնելու համար 2019 թ․ ընթացքում համալսարանում շարունակվել է ամբիո­նա­յին 65 թեմաներով գիտահետազոտական աշ­խա­տանք­ների և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կո­միտեի 3 դրամաշնորհային և ՀՀ ԿԲ հետազոտական հիմնադրամի 1 դրամաշնորհային ծրագրի իրա­կա­նացումը: Հետազո­տութ­յուն­նե­րի արդ­յունք­­ների հիման վրա հրա­­­տարակվել են 17 ուսումնական և ուսումնամեթոդական ձեռ­նարկ, 3 մե­­նա­գրություն, 5 դասագիրք, 1 խնդրագիրք, 3 դասախոսությունների նյութեր, 203 հոդ­ված գիտա­կան պարբերականներում: Գիտական հրապարակումները կրճատվել են շուրջ 32%-ով, սակայն ար­­­տասահ­մանյան պարբերա­կան­ներում լույս տեսնող հոդվածների թիվն աճել է շուրջ 8%-ով: 2019 թ. շարունակվել է գրադարանի շտեմարանի թվայնացումը: Էլեկտրոնային գրադարանի տվյալների բազան պարբերաբար համալրվել է ձեռք բերված նոր գրականությամբ։ 2019 թ. դեկտեմբերին լույս է տեսել նաև «Ամբերդ տեղեկագիր» գիտահանրամատչելի պարբերական հանդեսի անդրանիկ համարը»:

«Ամբերդ» կենտրոնի գործունեությունից Դիանա Գալոյանը հատկանշեց՝ 2019 թ. հունվարին հրապարակված Փենսիլվանիայի համալսարանի Աշխարհի ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանշավորման 2018թ. զեկույցում կենտրոնը ներառվել է աշխարհի 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում՝ զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը: Ուսանողական գիտական ընկերության գործունեության մասին խոսելիս բուհի ղեկավարն ընդգծեց՝ 2019-2020թ. ուսումնական տարվա սկզբին այն մեկնարկել է գործունեության ամբողջությամբ նոր ձևաչափով ու բովանդակությամբ:

Միջազգային ծրագրերի մասին Դիանա Գալոյանը նշեց, որ 2019 թ. ամփոփվել է «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» (HEIFYE) նախագիծը և «Հերիտագ» ծրագիրը, 2017 թ. ՀՊՏՀ-ում իրականացվում են ՐԻՖԱՅՆ և eDrone ծրագրերը, իսկ 2019 թ. 2 նոր ծրագիր է ֆինանսավորում ստացել․ «Ժան Մոնե»-ի «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» մոդուլը և «Միներվա» ծրագիրը: «Հատկանշական է Եվրասիական ֆինանսական ցանցային ինստիտուտի ստեղծմանը մեր համալսարանի ներգրավվածությունը, քանի որ վերջինս նպատակ ունի վերածվելու ԵԱՏՀ-ի վերլուծական կենտրոնի, իսկ Հայաստանից միակ բուհը, որը ներգրավվել է այդ ցանցում, ՀՊՏՀ-ն է»,- ասաց նա։

Փոխանակային ծրագրերի մասին Դիանա Գալոյանն ասաց, որ ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների փոխանակումը հիմնականում իրականացվել է Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում. «2019թ. ՀՊՏՀ-ից գործընկեր բուհեր են մեկնել 24 ուսանողներ, հյուրընկալվածների թիվը շարունակում է մնալ ցածր։ Գործընկեր բուհեր են գործուղվել 18 դասախոսներ, այդ թվում՝ 1 դասախոս ՀՊՏՀ Եղեգնաձորի և 1 դասախոս Գյումրու մասնաճյուղերից, հյուրընկալվել է 13 դասախոս»:

Ինչպես ասաց ռեկտորի պաշտոնակատարը, վերանայվում են նաև ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պատրաստման և պաշտպանության ներկայացման կարգերը, որոնցում ներդրվում են ակադեմիական բարեվարքության պահպանման նոր, ավելի հստակ և խիստ կանոններ։ Սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման շրջանակներում 2019թ., համաձայն գործող կարգի, զեղչի իրավունք է ստացել 1702 ուսանող, որից 1167-ը՝ առանց եկամտային հարկի պահումների, ՀՊՏՀ կողմից նորաստեղծ ընտանիքների աջակցման և երեխաների ծննդյան խրախուսման կարգի համաձայն՝ աջակցություն է տրամադրվել 16 աշխատակցի:

«Ինչ վերաբերում է 2019 թ. բյուջեի կատարման ընթացքին, ապա դեկտեմբերի 20-ի դրությամբ ՀՊՏՀ բյուջեի փաստացի մուտքերը կազմել են 2,863,953 դրամ, ինչը տարեկան նախահաշվի 97%-ն է։ Ծախսերը կազմել են 2,689,269 դրամ, ինչը տարեկան նախահաշվի ծախսերի 77%-ն է: 2020 թ. ընթացքում պլանավորված եկամտային հոդվածներով համալսարանի դրա­մական մուտքերը կկազմեն ընդամենը 3,028,564 հազ. դրամ, ինչը 5,4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ծախսերը պլանավորված են 3,297,573 հազար դրամի չափով»,- մասնավորապես նշեց Դիանա Գալոյանը՝ եզրափակելով զեկուցումը:

Հաշվետվության ներկայացումից հետո հարցադրումներով և առաջարկություններով հանդես եկան խորհրդի անդամները՝ ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, տնտեսական-քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Վահագն Խաչատրյանը, որոնք հարցեր հնչեցրին հանրակացարանի գործունեության դադարեցման, ՀՊՏՀ-ում որակի վերահսկման առկա մեխանիզմների, ուսանողական աշխատանքներում գրագողության դեմ պայքարի ծրագրի ներդրման վերաբերյալ, բյուջեի հետ կապված առաջարկեցին ֆինանսական մասի հաշվետվության կազմման ավելի նախընտրելի մեթոդաբանություն: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց բարձրացված հարցերին, մասնավորապես նշեց, որ 2019թ. հուլիսից ՀՊՏՀ-ն վերադարձրել է հանրակացարանի շենքը և չի շահագործում, գրագողության դեմ պայքարի ծրագիրը կներդրվի «Minerva» միջազգային ծրագրի իրականացման շրջանակներում, ուսումնական և գիտահետազոտական աշխատանքներում որակի վերահսկողության սահմանման համար մշակվել և ընդունվել են մի շարք կարգեր: Դիանա Գալոյանը ընդունեց նաև խորհրդի անդամների կողմից ներկայացված մի շարք առաջարկներ: ՀՊՏՀ խորհրդի անդամները մտքեր փոխանակեցին ներկայացված հարցերի շուրջ, որոշ պարզաբանումներ ներկայացրեցին ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գասպարյանը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը, ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանը: Նիստի ավարտին խորհուրդը հավանություն տվեց ՀՊՏՀ 2019 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, ՀՊՏՀ 01.01.2019-31.12.2019 ընկած ժամանակահատվածի բյուջեի կատարման արդյունքներն ընդունեց ի գիտություն, hաստատեց ՀՊՏՀ 2020 թ. բյուջեն:

Նիստը եզրափակեց խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին սրտացավ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ խորհրդի բոլոր ջանքերը միտված են համալսարանի հեղինակության բարձրացմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին