Կայացավ 2024 թ․ գիտական խորհրդի առաջին նիստը

06.03.2024
Դիտումների քանակ՝ 574

Մարտի 5-ին կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի 2024 թ․ առաջին նիստը։ Հագեցած օրակարգով նիստի մեկնարկին ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը ներկայացրեց համալսարանի գիտական խորհրդի 2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը, որը հաստատվեց։

Մրցութային հանձնաժողովի նախագահ Արա Մկրտչյանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին հարցը և փակ գաղտնի քվեարկությամբ գիտխորհուրդը դոցենտի գիտական կոչում շնորհեց լեզուների ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ․ Գայանե Հովհաննիսյանին և միջնորդեցին ԲԿԳԿ-ին՝ հաստատելու ՀՊՏՀ գիտխորհորդի որոշումը։

Այսօրվա նիստում հարցերի մի ամբողջ խումբ վերաբերում էր «Ամբերդ» հետազոտական կենտրոնին։ Կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը նախ ներկայացրեց 2023 թ․գործունեությունը` մանրամասնելով իրականացված հետազոտությունները, հրապարակումները, ԶԼՄ-ների հետ համագործակցության արդյունքները։ Գիտխորհուրդը կենտրոնի գործունեությունը գնահատեց լավ, ապա հաստատեց հաջորդ հարցը՝ կենտրոնի 2024 թ․ գործունեության ծրագիրը։

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց «Ամբերդ» կենտրոնի հետազոտական թեմաների և խմբերի ձևավորման, դրանցում ասպիրանտ­ների և ուսանողների ներգրավման կարգում լրացումներ կատարելու մասին հարցը՝ ընդգծելով, որ առաջարկվող միակ փոփոխությամբ այսուհետ կենտրոնի աշխատանքներին մասնակցելու հնարավորություն կընձեռվի նաև բուհի մասնաճյուղերի աշխատակիցներին։ Այնուհետև պրոռեկտորը ներկայացրեց «Ամբերդի» կողմից ներքին և արտաքին շահառուներին 2024 թ. առաջարկված հետազոտական ուղղությունների և նրանց կողմից ամրագրված հետազոտական թեմաների ցանկը՝ մանրամասնելով, որ նախատեսվում է իրականացնել 6 հետազոտություն, 4-ը՝ պետական պատվերով, նախարարությունների առաջարկով, 2-ը՝ ներքին շահառուների կողմից։ Վերջին երկու թեմաները վերաբերում են Հնդկաստանի և Իրանի տնտեսությունների ուսումնասիրությանը։ Երկու հարցերն էլ հաստատվեցին։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի մարտի 25-ի N 202 - Ա/Ք հրամանով համալսարանին շնորհված Սերիա Բ N 0015 և Սերիա Մ N 0016 լիցենզիաների ներդիրներով սահմանված կրթական տեղերում փոփոխություններ կատարելու առաջարկություն ներկայացնելու մասին» հարցը, որը հաստատվեց: Այնուհետև պրոռեկտորը ներկայացրեց ՀՊՏՀ «Ուսումնական աշխատանքների ծավալի հաշվարկի և դասախոսական կազմի ուսումնական բեռնվածության նորմատիվները հաստատելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխությամբ կարգավորվում է օտարերկրյա ուսանողներին դասավանդողների վարձատրության հարցը։ Սա ևս հաստատվեց։

Նիստի ավարտին գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց «Երիտասարդ գիտնական» խորագրով ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 41-րդ նստաշրջանի գիտական հոդվածների ժողովածուն, «ՀՀ կապիտալի շուկայի կայացման ուղիներն ու հեռանկարները» խորագրով, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի անվան ուսանողական գիտաժողովի նյութերը, միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ընդհանուր ղեկավարությամբ և խմբագրությամբ (հեղինակային կոլեկտիվ) «Ձեռնարկության տնտեսագիտություն» ուսումնական ձեռնարկը։