Դասախոսեց «ՈՒԱՆ ՈՒԵՅ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր-տնօրենը
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսում «Մրցակցային ռազմավարություններ» առարկայի (դասախոսներ՝ մարքեթինգի ամբիոնի ասիստենտներ Ծովինար Սարգսյան, Լիլիթ Գալստյան (տ.գ.թ.)) դասաժամն այսօր հարստացավ գործատուի հետ հանդիպմամբ: Ուսանողների հյուրն էր «ՈՒԱՆ ՈՒԵՅ ԳՐՈՒՊ» (ONE WAY GROUP) ընկերության հիմնադիր-տնօրեն Մաթևոս Բարսեղյանը:
Բանախոսը ներկայացրեց ONE WAY TOUR տուրիստական գործակալության ստեղծման, կայացման ու վերելքի պատմությունը (ստեղծվել է 2011թ., 2019 թ. ճանաչվել Հայաստանում տարվա լավագույն տուրիստական ընկերություն), այդ տարիների ընթացքում աճի շարժընթացը (բացառությամբ 2020 թվականի), անդրադարձավ բիզնես-գործընթացի փուլերին, ներկայացվածությանը սոցիալական առցանց և անցանց հարթակներում, ձախողումներին և նոր ռազմավարությունների մշակմանը:
Մաթևոս Բարսեղյանը ուշագրավ մանրամասներ պատմեց իր և իր ընկերության հաջողության պատմությունից և ուսանողներին հրավիրեց մայիսի 15-ին մասնակցելու Tourism Restart Conference 2021 գիտաժողովին, որին զբոսաշրջության ոլորտի 13 հայտնի ներկայացուցիչներ հանդես են գալու դասախոսություններով: Մուտքն անվճար է, լինելու են խաղարկություններ, իսկ ուսանողները կարող են ներկայացնել իրենց CV-ները:
Մաթևոս Բարսեղյանը ուսանողներին խորհուրդ տվեց գործնական ու հետևողական կերպով, ստեղծարարությամբ կառուցել իրենց կարիերան և նշեց, որ նույն կուրսի ուսանող Սերգեյ Բախշյանը (դասախոսությանը մասնակցում էր որպես ընթերակա) այժմ փորձառություն է անցնում ընկերությունում և աչքի է ընկնում մասնագիտական բարձր որակներով:
Դասախոսության ավարտին, բանախոսի առաջարկությամբ, ուսանողները հարցեր և առաջարկություններ հղեցին, և վերջում ընկերության կողմից մեկական մրցանակ (մեկօրյա տուրփաթեթ) ստացան լավագույն հարցի և լավագույն առաջարկության հեղինակները:
Հիշեցնենք՝ 2021 թ. փետրվարի 16-ին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և «ՈՒԱՆ ՈՒԵՅ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր-տնօրեն Մաթևոս Բարսեղյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին