Մեկնարկել է ավարտական մարաթոնը. ՀՊՏՀ-ն շրջանավարտների հերթական թողարկումն է տալիս

Դիտումների քանակ՝ 2528

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ավարտին է մոտենում ուսումնական հերթական տարին, և բուհը պատրաստվում է շրջանավարտների նոր սերնդի թողարկմանը: Ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից asue.am-ին հայտնեցին, որ 2019-2020 ուսումնական տարում մեր բուհը կավարտի առկա բակալավրիատի 780, հեռակա բակալավրիատի 365 և առկա մագիստրատուրայի 278 շրջանավարտ:

Ապրիլի 22-29-ը կայացել են առկա և հեռակա բակալավրիատի ուսումնաարտադրական փորձառության հաշվետվությունների և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի գիտահետազոտական փորձառության հաշվետվությունների պաշտպանությունները: 2019-2020 ուսումնական տարում փորձառություն անցել են 1410 ուսանողներ, որոնցից  775-ը առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողներ են (բակալավրական 6 մասնագիտությունների կրթական ծրագրերի),  360-ը` հեռակա բակալավրիատի 5-րդ կուրսի ուսանողներ (բակալավրական 13 մասնագիտությունների կրթական ծրագրերի), իսկ 275-ը` առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ (մագիստրոսական 18 մասնագիտությունների կրթական ծրագրերի)։

Փորձառությունների հաշվետվությունների հավաքման և պաշտպանության գործընթացն իրականացվել է առցանց։ ՀՊՏՀ-ում գործադրվել են բոլոր ջանքերը գործընթացը  պատշաճ կազմակերպելու և ուսանողների հասանելիությունն ապահովելու համար:

Մեր խնդրանքով ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանն անդրադարձել է փորձառության հաշվետվությունների պաշտպանության գործընթացին.

- Նախ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների և ամբիոնների, ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի, ինչպես նաև էլեկտրոնային սարքերի սպասարկման ու ծրագրային ապահովման ստորաբաժանման աշխատակիցներին, պրոֆեսորադասախոսական կազմին և մեր ուսանողներին՝ փորձառությունների առցանց պաշտպանության գործընթացը հարթ և բարձր մակարդակով կազմակերպելու առնչությամբ։ Ինչպես գիտեք ԱԴ հայտարարելուց և տեղաշարժման սահմանափակումներ մտցնելուց հետո փորձառությունների գործընթացը բազմաթիվ խնդիրներ էր առաջադրել։ Այդ նպատակով ՀՊՏՀ գիտական խորհուրդն իր առցանց նիստում որոշակի փոփոխություններ մտցրեց փորձառությունների գնահատման կարգում և հաստատեց փորձառությունների առցանց պաշտպանության ընթացակարգը։ Ըստ ընթացակարգի, փորձառությունների հաշվետվությունները ուսանողները ուղարկել են ամբիոնների համար բացված հատուկ էլեկտրոնային փոստերին, իսկ պաշտպանության գործընթացը կազմակերպվել է Zoom համակարգով։ Փորձառությունների ողջ ընթացքը տեսաձայնագրվել է և պահպանվում է նշված էլեկտրոնային փոստերի ամպային պահոցներում, ինչպես նաև ՀՊՏՀ-ին պատկանող սերվերներից մեկում։ Փորձառությունների պաշտպանությունն ընթացել է գրեթե նույն սկզբունքով, ինչպես օֆլայն ռեժիմում կընթանար. կազմվել են պաշտպանության հանձնաժողովներ, ուսանողները սահմանված օրերին խմբով միացել են Zoom տեսակոնֆերանսին և ներկայացրել իրենց փորձառության արդյունքները։ Ուրախացնող էր, որ ի տարբերություն օֆլայն պաշտպանությունների, առցանց պաշտպանություններին ուսանողների գերակշիռ մեծամասնությունը պատրաստել էր նաև տեսապատկերային շնորհանդեսներ, ինչը լավ փորձ էր ավարտական աշխատանքների պաշտպանությունից առաջ։  Պետք է նշել, որ ուսանողներից ընդամենը 4-ը չեն հանձնել փորձառության հաշվետվություն կամ չեն ներկայացել պաշտպանությանը։ Սակայն բոլոր 4 դեպքերում էլ տեխնիկական գործոնը դեր չի ունեցել։ Այսինքն, խոսք չի գնում այն մասին, որ ԱԴ պայմաններում տեխնիկական պատճառներով հնարավոր չի եղել ապահովել կրթության հասանելիությունը։ Ավելին, ՀՊՏՀ-ն կարողացել է օպերատիվ կերպով ճշտել, թե ավարտական կուրսերի ուսանողներից ովքեր ունեն տեխնիկական միջոցների հասանելիության խնդիր՝ նրանց համար լուծելով տվյալ խնդիրը։ Եթե դիտարկենք փորձառությունների պաշտպանության արդյունքները և ուսանողների գնահատականները, ապա այստեղ արձանագրենք, որ որևէ արտառոց շեղումներ օֆլայն և առցանց պաշտպանության արդյունքների միջինացված ցուցանիշների միջև առկա չեն։

Նշենք, որ առջևում ամփոփիչ ատեստավորման գործընթացն է, որի շրջանակներում բակալավրատի շրջանավարտները կպաշտպանեն ավարտական աշխատանքներ, իսկ մագիստրատուրայի շրջանավարտները ՝ մագիստրոսական թեզեր: Ներկայացնենք նաև այս գործընթացի ժամկետները՝ առկա բակալավրիատի ավարտական աշխատանքների պաշտպանությունը կկազմակերպվի 04.05.2020թ.-10.06.2020թ., առկա մագիստրատուրայի մագիստրոսական թեզերի պաշտպանությունները կկազմակերպվեն 04.05.2020թ.-05.06.2020թ., իսկ հեռակա բակալավրիատի ավարտական աշխատանքների պաշտպանությունը՝ 01.06.2020թ.- 03.07.2020թ.:

Փորձառությունների հաշվետվությունների պաշտպանությունը ներկայացնող լուսանկարներ կարող եք դիտել մեր ֆեյսբուքյան էջում. դրանք մեր խնդրանքով տրամադրել են դեկաններն ու ամբիոնների վարիչները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին