Ո՞վ կպատկերացներ, որ մի օր «դասի ենք նստելու» համացանցում

Դիտումների քանակ՝ 1518

Լսարանում դասի ժամին համացանցում լինելու համար դասախոսից նկատողություն ստանալիս հավանաբար չես էլ պատկերացրել, որ մի օր նույն դասախոսը քեզ կհորդորի նշանակված ժամին համացանցում լինել, որպեսզի դասը բաց չթողնես: Արի ու տես, որ հանգամանքները ենթակա են փոփոխման: Եթե դու անկախ իրավիճակից հավատարիմ ես ուսանողի առաքելությանը, ուրեմն, բարի գալուստ առցանց կրթություն:

«Ուսանողի օրագիր» խորագիրն անդրադառնում է առցանց կրթության առաջին շահառուներին, ովքեր համացանցի միջոցով անցնում են համալսարանական կյանքի պատասխանատու շրջափուլերով` փորձառությունների, ավարտական աշխատանքների պաշտպանություններ, քննություններ և ուսումնական այլ ստուգատեսներ: Այս անգամ իր առցանց պաշտպանության ընթացքի, ուսանողական նոր զգացողությունների մասին asue.am-ի «Ուսանողի օրագիր» խորագրում պատմում է վիճակագրություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Տաճատ Պապոյանը:

«Ո՞վ կպատկերացներ, որ մեր իրականությունում այսպիսի փոփոխություններ կլինեն, համակարգիչը կփոխարինի լսարանին, որը մեկտեղում է կուրսընկերներին ու դասախոսին, որ մեզնից անբաժան ու մեր սիրելի համացանցում մի օր «դասի ենք նստելու»: Ես 4-րդ կուրսեցի եմ, և մենք դասեր, որպես այդպիսին չունենք, բայց իհարկե, ուսումնական գործընթացին առնչվող մի շարք քննարկումներ այս օրերին ուսանողական սեղանից տեղափոխվեցին համակարգչային սեղան: Եթե անկեղծ ասեմ, ի սկզբանե այնքան էլ հաճելի չէր տեղեկանալը, որ առցանց ուսումնառության ենք անցնում, առավել ևս, որ փորձառությունների հաշվետվությունները կամ այլ կարևոր բաներ ներկայացնելու ենք համակարգչի միջոցով: Առաջին արձագանքը, ինչպես շատերի մոտ, սառը ցնցուղի պես եղավ: Դե, ժողեցի ուսանողի սպասում էր` ուզում էինք ուսումնաարտադրական փորձառությունն ավարտել, հետո ամբիոնից` մեծ լսարանի առջև պաշտպանել այն, իսկ հետո անցնել առավել պատասխանատու պահին` ավարտական աշխատանքի պաշտպանությանը, որում պիտի ներկայանայինք խնամքով արդուկված սպիտակ վերնաշապիկով: Պաշտպանություն բառն ինքնին պարտավորեցնող ու զգաստեցնող էր, և արի ու տես, որ հանգամանքը, որ պետք է տեսակապի միջոցով ելույթ ունենանք, չխախտեց այն զգաստությունը, որով ի սկզբանե համակված էինք: Թերևս, դա էլ օգնեց ինձ` առցանց կրթության նորաթուխ շահառուիս, պատվով հաղթահարել առաջին համացանցային փորձությունը: Համակվեցի նոր զգացողություններով, նաև հիացմունքով…վերջապես, ամեն նոր բան հետաքրքիր է, իսկ սա նոր էր, լիովին նոր…»,-ինչպես Տաճատն է ասում, ուսանողական օրագրի էջերում այսպես կսկսեր առցանց կրթության մասին իր գրելիքը:

Ապա կշարունակեր. «Եվ ո՞վ կպատկերացներ, որ այսպիսի «պաշտոնական» ու վճռորոշ ելութների ընթացքում կլինենք տաքուկ ու հարմարավետ միջավայրում` մեր տանը, ինչը կչեզոքացներ ուսանողի երբեմնի անիմաստ վախվորածությունը: Ամեն ինչ դրական էր, առցանց կրթությունից սպասելիքներս արագորեն արդարացվեցին, հասկացա, որ ամեն բան կարգին է, «սառը ցնցուղի» կարիքը չկար, պարզապես, նոր իրողությանը հարմարվել էր պետք: Հետո ինքս ինձ այս օրերին խոստովանում եմ` չէ՞ որ ուսումնատենչ ուսանողը պատրաստ է սովորելու ամեն պարագայում` համալսարանում, տանը, համացանցում, եթե անգամ էլեկտրականություն չլինի, մոմը կա ու կա: Ուզում եմ ասել`  եթե ուզում ես սովորել, չսովորելու արդարացումներ չես որոնում, եթե ուզում ես լավ ելույթ ունենալ այնքան սպասված պաշտպանությանդ, ոչինչ չի խանգարի համացանցից քեզ նայող դասախոսին` հասկանալ, որ 4 տարիների ընթացքում դու սովորել ես, և ոչինչ չի խանգարի համակարգչիդ էկրանին` ճշգրտորեն քեզ «փոխանցել» դասախոսիդ հիացական հայացքը: Չե՞ք հավատում, սեփական փորձից եմ ասում: Ժպտում եմ, փակում օրագիրս, ու գնում պատրաստվելու դիպլոմայինիս պաշտպանությանը: Այդ օրն էլ սարերի հետևում չէ, կհանդիպենք համացանցում: Ձեր շնորհակալ և ուշիմ ուսանող` Տաճատ»:

Շարունակելի…

Հ.Գ. «Ուսանողի օրագիր» խորագրի առաջին նյութը կարդացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին