Ավարտվեց ՀՊՏՀ «Ուսանողական աշուն-2021»-ը՝ մեկնարկից մինչև գալահամերգ գունեղ ու մրցակցային
«Ուսանողական աշուն-2021» ավանդական ամենամյա մարզամշակութային մրցույթ-փառատոնը կամ «ՀՊՏՀ խաղերը» համախմբվածության իսկական տոն է նվիրում ուսանողներին։ Այս տարի այն մեկնարկեց հոկտեմբերին, ամսի 29-ին տեղի ունեցավ պաշտոնական բացումը։ Համալսարանի վեց ֆակուլտետները և ՀՊՏՀ քոլեջը լավագույնի կոչմանն արժանանալու համար երկու ամիս շարունակ մրցում էին մարզական, ինտելեկտուալ և մշակութային ասպարեզներում։ Ավանդաբար անցկացվող մարզական առաջնություններին (ֆուտզալ, բասկետբոլ, սեղակի թենիս, հրաձգություն, ձեռքի ուժ, վոլեյբոլ և այլն) այս տարի ավելացավ ևս մեկը՝ կիբեռսպորտի առաջնությունը։
Լարված մրցակցությունը և ամիսների աշխատանքն ամփոփվեցին դեկտեմբերի 10-ին՝ գալահամերգով։ Մասնակիցներին և ներկաներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ իր խոսքում նշելով. «Ուսանողական խաղերը երկար պատմություն ունեն. իմ ուսումնառության տարիներից դրանք իրականացվում են, և ես համոզված եմ, որ դեռ շատ երկար են շարունակվելու»: Ռեկտորը նաև ընդգծեց նոր մարզական առաջնությունների ներդրումը, որը հետաքրքրություն է առաջացնում և մրցակցային նոր շունչ հաղորդում փառատոնին։
Նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ «ՀՊՏՀ խաղերի» շրջանակում ներդրվեց «Բանավեճի» մրցույթը, որի վերջնական նպատակը ՀՊՏՀ բանավեճի թիմ ունենալն է։
Գալահամերգին ներկա էին ՀՊՏՀ պրոֆեսորադասխոսական անձնակազմի անդամներ և ավելի քան 300 ուսանողներ։ Համալսարանական վեց ֆակուլտետները և ՀՊՏՀ քոլեջը հանդես եկան ամենատարբեր ոճերի՝ ազգային, դասական, ժամանակակից, երաժշտական և պարային համարներով։ Եղան նաև ոչ մրցութային համարներ։
Մրցանակները հանձնեցին ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը և ամբիոնի դասախոսները։ Երրորդ ու երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ուսանողները ստացան հավաստագրեր և մեդալներ, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը՝ նաև գավաթներ։ ՀՊՏՀ ՈւԽ սպորտի հանձնաժողովի նախագահ Էրիկ Մեսրոպյանը հայտարարեց խաղերի ողջ ընթացքում լավագույն մարզիկի և մարզուհու անունները։ Լավագույն մարզիկ ճանաչվեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանող Սամվել Միքայելյանը, իսկ լավագույն մարզուհի՝ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողուհի Էլիզա Սարգսյանը։
«Ուսանողական աշուն-2021» մարզամշակութային փառատոնն իր ելույթով ամփոփեց ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը։ Այսպես՝ «Լավագույն պարային ելույթ» անվանակարգում հաղթեց ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը, «Լավագույն երաժշտական համարը» ֆինանսական ֆակուլտետինն էր, իսկ լավագույն ֆակուլտետը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտը։ Գոռ Մերիք-Սահակյանն ուսանողության համար ուներ նաև անակնկալ, որի մասին հայտնեց հանդիսավոր պայմաններում. 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նոր կանոնադրությունը: