ՀՊՏՀ-ում Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված բաց դասը հայրենասիրության թեմայով էր

27.09.2021
Դիտումների քանակ՝ 1121

Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, թուրք-ադրբեջանական դաշինքը սանձազերծեց Արցախյան լայնածավալ պատերազմը, որը տևեց 44 օր և խլեց հայ ժողովրդի հազարավոր հայրենասեր ու քաջազուն զավակների, նրանց թվում՝ մեր համալսարանի զինվոր-ուսանողների և շրջանավարտների կյանքը:

Այսօր Տնտեսագիտական մայր բուհում՝ Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի անունը կրող և Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ուսանողներին նվիրված լսարանում, 1-ին կուրսեցիների մասնակցությամբ բաց դաս էր՝ նվիրված հայրենիքին ու հայրենասիրությանը: Դասախոսում էր ՀՊՏՀ հասարակագիտության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Յուրի Հովականյանը:

Արի ու սխրագործ, հայ ժողովրդի ու հայրենիքի համար անմահացած հերոսների կենդանի ներկայությամբ, նրանց լուսեղեն հայացքների ներքո Յուրի Հովականյանը խոսեց բարձր ու ոգեղեն արժեքների՝ հայրենիքի ու հայրենասիրության մասին: Բաց դասին ներկա էին ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը, ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը:

Բանախոսը նախ ողջունեց 1-ին կուրսեցիների մուտքը համալսարան, շնորհավորեց 1 շաբաթ առաջ նշվող ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ և ասաց. «Դուք անկախության տարիներին ծնված սերունդ եք, երջանիկ սերունդ, որովհետև երջանկությունը սկսվում է ազատությամբ և անկախությամբ: Եվ համոզված եմ, որ դուք ձեր գիտելիքով, ձեր բազուկներով, ամուր կամքով կարողանալու եք կառուցել մեր երկարատև անկախությունը, որովհետև անկախությունը միշտ պահպանելու անհրաժեշտություն ունի: Մեր ամբողջ պատմությունը ազատության և անկախության համար մղված պայքարի պատմություն է, որը սկսվեց Հայկ Նահապետով ու շարունակվում է մինչև հիմա»:

Ի՞նչ հասկացություններ են «հայրենիքն» ու «հայրենասիրությունը»: Ըստ Յուրի Հովականյանի՝ այդ հասկացություններն իրականում ոչ այնքան մտքով ու բանականությամբ են ընկալելի, որքան մարմնի յուրաքանչյուր բջջով, հոգով ու սրտով: Հայրենիքի համար մարդիկ զոհաբերում են իրենց մատաղ կյանքը, հայրենիքից հեռու՝ խելագարվում կարոտախտից: «Խիզախ հերոսների արյունով սնված աշխարհագրական միջավայրն է, որը վերածվում է Հայրենիքի, իսկ հայրենասեր հերոսների պակաս երբեք չի ունեցել հայ ժողովուրդը, նրանք բազմահազար են, այդ թվում՝ մեր նորօրյա հերոսները».-ասաց Յուրի Հովականյանը:

Եվ ահա այս համընդգրկուն հարցադրման ներքո բանախոսը բացահայտեց այն կարևորագույն շերտերը՝ լեզու, մշակույթ, պատմություն, աշխարհագրություն, բարոյագիտություն և այլն, որոնք ձևավորում են հայրենասեր, իսկ փոքր ժողովուրդների դեպքում՝ հայրենապաշտ անհատներ:

Ուսանողներն ուշիուշով ունկնդրեցին դասախոսությունը, որը փոխանցեց գիտելիք, հոգևոր լիցքեր ու խորհելու առիթ տվեց յուրաքանչյուրին:

Իր խորին շնորհակալությունը հայտնելով համալսարանի ղեկավարությանը՝ ընձեռված գեղեցիկ հնարավորության համար՝ բանախոսն իր ելույթն ավարտեց մեծ զորավար և փիլիսոփա Գարեգին Նժդեհի ընդհանրացումներով և այն համոզման փոխանցմամբ, որ գալու է հատուցման ժամը, և այսօրվա սերունդը կերտելու է իր հաղթանակը:

Յուրի Հովականյանն իր խոսքը եզրափակեց հետևյալ հորդորով. «Սովորեք, և գիտությունը կլինի ձեզ զորավիգ»:

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին