ՀՊՏՀ-ում ներկայացվեց Տաղանդների ներգրավման ԿԲ ծրագիրը

29.04.2022
Դիտումների քանակ՝ 1001

ՀՀ կենտրոնական բանկն սկսել է Տաղանդների ներգրավման նոր պիլոտային ծրագիր։ Այն երիտասարդների համար նոր ուղի կբացի՝ մուտք գործելու Կենտրոնական բանկ, սովորելու, ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերին մասնակցելու (երեք ստորաբաժանումներում), ինչպես նաև հիմնական աշխատանքի անցնելու, միջազգային փորձ ձեռք բերելու, վարձատրվելու։

Այսօր՝ ապրիլի 29-ին, Տաղանդների ներգրավման ծրագիրը ներկայացնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներն այցելեցին ՀՊՏՀ։

Մինչ ուսանողների հետ հանդիպումը՝ բանկի ներկայացուցիչներին ընդունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։ Վերջինս նշեց, որ անչափ ուրախ է հյուրընկալել ԿԲ ներկայացուցիչներին, քանի որ բանկը ՀՊՏՀ լավագույն գործընկերներից է, որի հանդեպ ընդգծված հետաքրքրություն ունեն նաև ուսանողներն ու շրջանավարտները։ Ռեկտորը կարևորեց բուհի և բանկի համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով, որ Տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներն են տարիներ շարունակ ապահովել ՀՀ ԿԲ համալրումը։

Ուսանողների հետ հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Տաթևիկ Ավանեսյանը, ով ԿԲ թիմին միացել է վերջերս, բայց արդեն կառույցի կորպորատիվ ստորաբաժանման բիզնեսի կառավարիչն է, համոզված է՝ գործում հաջողության հասնելու կարևոր գրավականը աշխատանքի հանդեպ սերն է։ «Գործը պետք է լինի հաճելի, հակառակ պարագայում այն կվերածվի տանջանքի, և արդյունքը տեսանելի չի լինի»,- համոզված է երիտասարդ մասնագետը։ Նրա խոսքով՝ ծրագրին դիմած ուսանողները մեկուկես տարվա ընթացքում կներգրավվեն ԿԲ երեք տարբեր նախագծերում. նախ կպատկերացնեն ԿԲ աշխատանքը, ապա՝ կկողմնորոշվեն, թե ինչ են ուզում անել, ինչն է իրենց համար գրավիչ ու հաճելի։

Հայաստանում ֆինանսաբանկային շուկան և մասնավորապես՝ Կենտրոնական բանկը, մշտապես ամենացանկալի գործատուն են եղել։ Շատերը կարծում են՝ բանկային համակարգը միայն ֆինանսական գիտելիք ունեցող մասնագետների կարիք ունի։ Մինչդեռ՝ «ԿԲ-ին բազմաթիվ ու տարբեր ոլորտների մասնագետներ են պետք՝ սկսած իրավաբաններից մինչև լեզվաբաններ»,- ասում է Տաթևիկը՝ ժխտելով այն մտայնությունը, որ ԿԲ-ն միայն տնտեսագետներով է համալրվում:

Ապագա տնտեսագետների հետ հանդիպումը կայացած է համարում նաև ԿԲ անձնակազմի կառավարման վարչության անդամ Էլեն Մելքումյանը. «Մեր նպատակն է երիտասարդների հետ անմիջականորեն խոսել և հասկանալ, թե ինչ փոփոխություններ կարելի է մտցնել նախագծում։ Մենք պետք է նախ ըմբռնենք՝ իրենք ինչ են ուզում, ինչ պահանջ ունեն աշխատաշուկայից»։ Էլենի խորհուրդը երիտասարդներին մեկն է՝ աշխատանք ընտրելիս հաշվի առնել կարճաժամկետ ու երկարաժամկետ արդյունքը. «Երիտասարդների մեջ կարևորում ենք էնտուզիազմն ու ցանկությունը։ Եթե ունես հետաքրքրվածություն, ցանկություն, մղում, ապա անում ես գործը ու հասցնում մինչև վերջ»։

ԿԲ կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանի համոզմամբ՝ ապագա ծրագրերի իրագործման համար որակյալ մասնագետների պատրաստումն ու ներգրավումը առաջնային խնդիր է։

Կենտրոնական բանկի երիտասարդ մասնագետների ներգրավման նոր ծրագիրը ստեղծարար և ճկուն մտածողությամբ երիտասարդների համար է, որոնք չեն դադարում սովորել ու կատարելագործվել։