Ավարտվեց «Կրթություն և կարիերա EXPO - 2022» միջազգային եռօրյա ցուցահանդեսը

29.04.2022
Դիտումների քանակ՝ 715

Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում այսօր ավարտվեց «Կրթություն և կարիերա EXPO - 2022» միջազգային եռօրյա ցուցահանդեսը, որն ընթացավ ապրիլի 26-29։ Հայաստանում և արտասահմանում գործող շուրջ ութ տասնյակ կրթօջախների թվում ցուցահանդեսին մասնակցում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։

ՀՊՏՀ տաղավարը գրավիչ ու տեղեկատվական էր՝ կրթական ծրագրեր, համալսարանական գիտակրթական միջավայր, ձեռքբերումներ, ընդունելության գործընթացի մանրամասներ, տեղեկատվական նյութեր։ Ցուցահանդեսի 3 օրերին մեր համալսարանի տաղավարի այցելուները հնարավորություն են ունեցել անցնելու մասնագիտական կողմնորոշման ինտերակտիվ թեստ, վիրտուալ շրջայցի միջոցով տեղափոխվելու ՀՊՏՀ, ինչպես նաև 1 օր ՀՊՏՀ-ում որևէ դասի մասնակցելու հրավեր են ստացել։

Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ ցուցահանդեսում մեր բուհի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել, այցելուների հոսքը բավական մեծ է եղել։

Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։