ՀՊՏՀ հյուրն էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը (ֆոտոշարք)

17.09.2021
Դիտումների քանակ՝ 1530

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այցի նպատակը ՀՊՏՀ-ի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի համագործակցության շրջանակում ընթացող միջազգային սեմինար/դասընթացներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթական քաղաքականությանը նվիրված պանելային քննարկմանը մասնակցությունն էր: Նախարարի տեղակալի այցը խորհրդանշական էր այն առումով, որ ամփոփվեց և եզրափակվեց (մասնակիցներն արժանացան հավաստագրերի) սեպտեմբերի 10-ին մեկնարկած «Աշխատելու հնարավորությունները» խորագրով սեմինար/դասընթացը, և սկիզբ առավ երկրորդը՝ «Փոխել մարդուն, ոչ թե կլիման» խորագրով:

Ողջունելով Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից և այլ երկրներից Հայաստան ժամանած մասնակիցներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց միջոցառման հրավերի համար և բարձր գնահատեց «Կոպեռնիկուս Բեռլին»-ի և ՀՊՏՀ-ի համագործակցության այս արդյունավետ ձևաչափը, որը համավարակով պայմանավորված առցանց շփումներից հետո այժմ անցնում է անմիջական ու գործնական մթնոլորտում:

«Մենք ապրում ենք ծանր ժամանակներում, երբ մեծապես գնահատվում են այն հսկայական ջանքերը, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդներին հաղորդակցվելու, գաղափարներ ու մտքեր փոխանակելու և հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ լուծումներ առաջարկելու: Ուրախալի է նշել, որ սեմինարների օրակարգը ներառում է մի շարք հետաքրքիր թեմաներ՝ սերունդների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունից մինչև կրթություն և զբաղվածություն»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը՝ մասնակիցներին հորդորելով դիմակայել առաջիկա մարտահրավերներին` ամրապնդելով գիտելիքները, քանի որ ինքնակրթությունը և ինքնամոտիվացումը շատ կարևոր են, որ յուրաքանչյուր մասնագետ իր ոլորտում առաջխաղացում արձանագրի:

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն իր հերթին արժևորեց «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի հետ երկրորդ համագործակցությունը և կարևորեց միջազգային սեմինար/դասընթացների դերը երիտասարդության շրջանում արդիական ու նորաստեղծական գիտելիքի ու փորձի փոխանակման գործընթացում՝ վստահություն հայտնելով, որ մասնակիցները հնարավորություն ունեն քաղելու առավելագույնը:

Մասնակիցներին ողջունեցին և Տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությունը բարձր գնահատեցին «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանը և ասոցիացիայի ներկայացուցիչ, դասընթացավար Ալեքսանդրս Փոստսը:Նրանք մասնավորապես շեշտադրեցին մասնակիցների մեծ խանդավառությունը, գիտելիքի, հմտության ձեռք բերման հայաստանյան այս հիանալի հնարավորությունը, որը հարթում է մշակութային, աշխարհայացքային ու լեզվական բոլոր անջրպետները:

Պանելային քննարկման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը մասնակիցների հետ արծարծեցին ՀՀ ԿԳՄՍ կրթական քաղաքականությանը, առանձին երկրների հետ փոխանակային ծրագրերին, կրթության առաջընթացին վերաբերող հարցեր: Նախարարի տեղակալը հանդիպումը գնահատեց որպես բովանդակային ու կառուցողական:

Հանդիպման ավարտից հետո սեմինար/դասընթացների մասնակիցները ներկա գտնվեցին ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կազմակերպած Welcome party - 2021-ին։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին