ՀՀ ԱԺ պատգամավորը ՀՊՏՀ-ում բաց դաս վարեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին

Դիտումների քանակ՝ 2159

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանի հրավերով նոյեմբերի 28-ին հյուրընկալվեց մեր համալսարանում:

Պատգամավորին նախ հյուրընկալեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ ներկայացնելով համալսարանում բարեփոխումների ընթացքը, ձեռքբերումները, անդրադառնալով կարճաժամկետ դասընթացների ներդրմանը, կրթական ծրագրերի և փորձառությունների համակարգի արդիականացմանը: Սոնա Ղազարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի և հյուրընկալության համար և համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

Այնուհետև օրենսդիր մարմնի ներկայացուցիչը ՀՊՏՀ-ում իրականացվող ԵՄ Ժան Մոնե մոդուլի շրջանակներում ներդրված «ԵՄ ինստիտուտները և որոշումների կայացման մեխանիզմները» առարկայի շրջանակներում հանդես եկավ դասախոսությամբ՝ անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերումներին, ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումներին, մասնավորապես՝ ՀՀ օրենսդրության մոտարկմանը ԵՄ օրենքներին և իրավական ակտերին, ինչպես նաև ուսանողներին ամենաշատը հետաքրքրող հարցին՝ վիզաների ազատականացմանը:

Ալբերտ Հայրապետյանը asue.am-ի հետ զրույցում հանդիպումն արդյունավետ գնահատեց՝ նշելով, որ ուսանողները ստացան այնպիսի տեղեկատվություն, որը օբյեկտիվորեն չէին կարող ստանալ իրենից, ով տեսաբան-դասախոս է: Նա նաև նշեց, որ նման հանդիպումները հատկապես Ժան Մոնե ծրագրի շրջանակներում կլինեն շարունակական և հաճախ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն առաջին անգամ իրականացնում է ԵՄ Ժան Մոնե ծրագիր, որի մեկնարկը տրվեց օրերս: Այս մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին