«Տնտեսագետի» երկրորդ համարն առցանց է

Դիտումների քանակ՝ 1588

Սիրելի՛ ընթերցող, այցելու, ամսագրի այս համարը մեր կյանքի փորձությունների գարունն արտացոլում է ամբողջ գունապնակով՝ ներառելով թագավարակի ազդեցությունները, մարտ-ապրիլ-մայիս ամիսներին մեր բուհի գործունեության բոլոր շերտերը, ուսումնական և աշխատանքային վերակազմակերպման բարդ, բայցև հաջողված ընթացքը, ինչպես նաև մոռացության չմատնելով մեր սիրելի համալսարանի ծննդյան տոնը:

ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցը բացահայտում է այն հսկայածավալ աշխատանքը, որը կատարել են  համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, աշխատակիցները և, իհարկե, ուսանողները՝ ուսումնական գործընթացը առցանց կերպով արդյունավետորեն կազմակերպելու հարցում: Այս համատեքստում է նաև «Ճգնաժամը հնարավորության վերածելով» կարգախոսով անդրադարձը հետբուհական առցանց կրթության արդյունքներին:

Այս համարում տարեգրությունն ընդգրկում է 1983-1990 թվականները:

COVID-19-ի տնտեսական ազդեցություններն է վերլուծում բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ, «Ամբերդի» փորձագետ Հայկ Բեջանյանը:

Դոցենտ Սամվել Գրիգորյանի հեղինակային «Տնտեսական խճանկարը» ուսուցողական է և բովանդակալից:

«Մեր առաջին շրջանավարտները» խորագրում դոցենտ Զենֆիրա Թումասյանի վերհուշն է ու շնորհավորանքը հարազատ համալսարանին:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՊՏՀ-ում նոր մագիստրոսական ծրագրերի ներդրմանը:

«Տնտեսագետը» սիրով հրապարակում է «Իմ ՀՊՏՀ» էսսեների մրցույթի լավագույն աշխատանքները: Հանդես են գալիս Հայկ Քալանթարյանը, Արև Մանուկյանը, Ժորա Ստեփանյանը:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը, մայր բուհի օրինակով, համավարակի պայմաններում, շարունակում է տոկալ ու լավ աշխատել. այս մասին են պատմում Լենա Հովհաննիսյանը և Արփինե Մխիթարյանը:

Դոցենտ Զուխրա Երվանդյանի անդրադարձը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի շրջանակում ուսանողին գեղեցիկ խոսք կառուցելու հմտություններ փոխանցելու և մայրենին արժևորելու մասին է: Հեղինակը պատառիկներ է մեջբերում ուսանողների շարադրություններից:

«COVID-19 համավարակ. հաղթահարման ճանապարհին». այսպես է վերնագրված դասախոս Նեդա Պետրոսյանի բժշկագիտական վերլուծությունը մարդկությանը պատուհասած վարակի մասին:

Քանի որ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այս ընթացքում նորությունների մեծածավալ նյութ է հրապարակել, հետևաբար «Լրահոսն» էլ հարուստ է ու բազմաբովանդակ:

Դասախոս Լիլիթ Հակոբյանը ներկայացնում է իր ապրած տարիների բացառիկ գարունը՝ որպես փորձության ու արարումի ժամանակաշրջան:

Համարում լուսաբանված են նաև ՀՊՏՀ գիտական խորհրդի առցանց նիստերը, ԵՄ «Էրազմուս+» ծրագրի և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի նորությունները:

«Վարքուբարքը» և «Կատակասերի անկյունը» թագավարակի մասին է ու դրա շուրջ՝ մտահոգությամբ, լավատեսությամբ ու հումորով:

Ամսագրի մշակութային էջերում դոցենտ Աննա Վարդանյանը հանդես է գալիս հայ գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Դիանա Աբգարի մասին հետաքրքրական հոդվածով, որը բացահայտում է «Հեռավոր Արևելքի հայ իշխանուհու» անզուգական կերպարը, հայ կնոջ տաղանդն ու ձգտումը, հայրենասերի ոգին:

Այսպիսով, «Տնտեսագետի» մարտ-ապրիլյան էլեկտրոնային համարի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)՝ հետևյալ հղումով:

Մաղթում ենք առողջություն, տոկունություն և լավատեսություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին