«Ամբերդի» փոխտնօրենը մասնակցել է ուղեղային կենտրոնների երրորդ գլոբալ առցանց համաժողովին

Դիտումների քանակ՝ 2630

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյան ս.թ. հունիսի 30-ին մասնակցել է Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի (ԱՄՆ) կողմից կազմակերպված երրորդ առցանց գլոբալ համաժողովին:

Այս մասին asue.am-ին հայտնեց Վարդան Աթոյանը՝ նշելով, որ ինքը ներգրավված է եղել “3rd Global Think Tank Virtual Town Hall: From Solidarity to Solutions to Save Lives and Livelihoods” խորագրով գլոբալ համաժողովի պլանավորման հանձնաժողովի կազմում, որը նվիրված էր COVID-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին և այդ համատեքստում ուղեղային կենտրոնների դերակատարության, պետությունների, հասարակությունների և ուղեղային կենտրոնների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցերին:

«Ինչպես արդեն գիտեք, այս թեմայի վերաբերյալ սա թվով երրորդ գլոբալ համաժողովն էր:Առաջին գլոբալ համաժողովը տեղի էր ունեցել ս.թ. ապրիլի 7-ին,  երկրորդը՝  մայիսի 13-ին, որոնց նույնպես մասնակցության հրավեր էի ստացել:  Բացի այդ, ս.թ. մայիսի 29-ին տեղի էր ունեցել երրորդ գլոբալ համաժողովի պլանավորման աշխատանքային խմբերից մեկի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով ուղեղային կենտրոնների ոլորտին առնչվող իմ հետազոտական հետաքրքրությունները, հրավիրվել էի հանդես գալու համապատասխան զեկույցով Նշեմ, որ երրորդ՝ ամփոփիչ գլոբալ համաժողովին մասնակցել են շուրջ 90 երկրների 500-ից ավելի ուղեղային կենտրոնների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ աշխարհի առաջատար և ամենաազդեցիկ հաստատություններից: Այս համաժողովի ընթացքում ներկայացվեցին նախորդ համաժողովի արդյունքներով ձևավորված 5 աշխատանքային խմբերի կողմից պատրաստված զեկույցներն ու դրանց շրջանակներում ոլորտի փորձագետների մշակած երաշխավորությունները: Հավելեմ, որ ես ընդգրկված եմ եղել հինգերորդ աշխատանքային խմբում, որի նպատակն էր մշակել արդի ժամանակներին համահունչ ուղեղային կենտրոնի նոր գործառնական մոդել, ինչպես նաև ներկայացնել ուղեղային կենտրոնների կողմից իրականացվող հետազոտությունների, հաղորդակցության ձևաչափերի, գործիքակազմերի և ֆինանսավորման հետ կապված արդի խնդիրներն ու լուծման ուղիները: Դրա շրջանակներում պատրաստել և ներկայացրել էի նաև ամփոփ առաջարկներ ու մի շարք երաշխավորություններ, որոնք նույնպես տեղ են գտել վերջնական զեկույցում: Շուրջ երկու ամիս մշակվող և Ուղեղային կենտրոնների երրորդ գլոբալ համաժողովի արդյունքներով կազմված վերջնական զեկույցը շուտով պատրաստ կլինի և հասանելի կլինի բոլոր երկրների որոշում կայացնողներին, քաղաքականություն մշակողներին, ուղեղային կենտրոններին և լայն հանրությանը»,- մանրամասնեց մեր գործընկերը՝ ուրախություն հայտնելով, որ իր մասնակցության արդյունքում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի անունը նույնպես ներառվել է այդ հեղինակավոր զեկույցը մշակողների ցանկում:

Վարդան Աթոյանի կարծիքով, կատարված աշխատանքն իր նպաստը բերեց աշխարհը փոթորկող ներկա համավարակի դեմ պայքարում միջազգային փորձագիտական հանրույթի կողմից գործադրվող ջանքերին: «Համոզված եմ, որ պետք է շարունակել այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները և հետագայում նույնպես ներգրավվել ուղեղային կենտրոնների ոլորտում նման բարձր մակարդակի միջազգային գործընթացներում, ինչը, թերևս, մեր կենտրոնի հիմնադրումից ի վեր մշտապես փորձել ենք իրականացնել: Կարծում եմ՝ այսպես է հնարավոր աստիճանաբար առավել շոշափելի ու ծանրակշիռ արդյունքներ արձանագրել և ուղեղային կենտրոնների համայնքում ճանաչման ու միջազգային հեղինակության արժանանալ», - եզրափակեց կենտրոնի փոխտնօրենը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին