«Կայացած կանայք ՀՊՏՀ-ում» շարքն ավարտվեց սոցիալական ձեռնարկատիրություն թեմայի արծարծմամբ

Դիտումների քանակ՝ 1239

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը կանանց նվիրված գարնանային տոների շրջանակներում մարտի 14-ին սկսել էր «Կայացած կանայք ՀՊՏՀ-ում» խորագրով հանդիպումների շարքը, որն այսօր լրացվեց ևս մեկով և եզրափակվեց:

Հյուրը «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Հռիփսիմե Քոչարյանն էր՝ մասնագիտությամբ լրագրող, իսկ այժմ՝ մեր համալսարանի կառավարման մասնագիտության ուսանող (հեռակա կրթաձևում): Մասնակցում էին համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Բանախոսը ներկայացրեց 3 տարի առաջ հիմնադրված իրենց հասարակական կազմակերպությունը, առաքելությունը, որն է՝ կանանց խնդիրների վերհանումը, լուծման ուղիների առաջադրումը, ապա «Ուսանողը և սոցիալական ձեռնարկատիրությունը» թեմայի շրջանակում և ոչ ֆորմալ դասաժամի ձևաչափում (նաև Հայաստանի սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիայի անդամ է) սկզբում հարցուպատասխանի, ապա թիմային աշխատանքի միջոցով պարզաբանեց, թե ինչ գիտեն ուսանողները սոցիալական ձեռնարկատիրության մասին, ապա նաև՝ թե ինչու է անհրաժեշտ այս մասին համապարփակ գիտելիք ունենալը, ինչ հնարավորություն է ստեղծում այն ուսանողի համար, և որն է վերջինիս մասնակցության ճանապարհը այս ոլորտում:

Միջոցառումն անցավ քննարկման արդյունավետ մթնոլորտում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին