«Ավելին՝ քո մասին». ինքնաբացահայտում «FEEDBACK» միջբուհական աշխատաժողովում

Դիտումների քանակ՝ 1432

Ապրիլի 6-7-ը ՀՊՏՀ-ում տեղի է ունեցել ուսանողական խորհրդի կազմակերպած «FEEDBACK» միջբուհական աշխատաժողովը, որը «Ավելին՝ քո մասին» խորագրի ներքո համախմբել էր ՀՀ պետական և ոչ պետական 8 բուհերի ուսանողների: Մասնակիցներ էին Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Հայ-ռուսական, Հայաստանի ամերիկյան, Հայկական պետական մանկավարժական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներն ու սաները, թվով՝ 40 ուսանող (նախքան մեկնարկը մասնակցության հայտ էր ուղարկել ավելի քան 200-ը):

Սովորելու, մոտիվացվելու և սեփական ներուժը բացահայտելու տրամադրվածությամբ աշխատաժողովի մասնակիցներին ողջունել ու ոգևորել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը, ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Իռեն Թալալյանը: Բացման արարողությունից հետո ՀՊՏՀ ղեկավարը խոսել է ռազմավարական մտածելակերպ զարգացնելու անհրաժեշտության մասին՝ կարևորելով նպատակադրումներ ձևավորելու, պլաններ կազմելու և իրականացնելու փուլերը: Ռեկտորը բարձր է գնահատել ՈւԽ այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են ուսանողության ստեղծարար մտքի, հմտությունների, ոչ ֆորմալ կրթության զարգացմանը: Երկօրյա աշխատաժողովում ուսանողներն ունկնդրել են փորձագետների, մասնագետների զեկուցումները գրագետ հաղորդակցվելու, ինքնադրսևորվելու, գործատուին ներկայանալու, հաջողության ձգտելու, նորարարական, մտածողություն կերտելու և վարքուբարքի մասին: Արծարծվել են թեմաներ, որոնք, որպես կանոն, դուրս են մնում մասնագիտական կրթության շրջանակում մատուցվող ուսումնական նյութերից:

ՀՊՏՀ-ից բանախոսել են մարքեթինգի ամբիոնի ասիստենտ Գրիշա Ամիրխանյանը և մագիստրանտ Ռոզա Գրիգորյանը, համապատասխանաբար «Չձախողվել նշանակում է չփորձել», «Հմտություններդ՝ որպես հաջողության այցեքարտ» թեմաներով:

«Ինչի՞ համար է անհրաժեշտ անձի բրենդը ուսանողներին և ինչպե՞ս այն ստեղծել» թեման լուսաբանել է մարքեթոլոգ, Global Media Lab մարքեթինգային ընկերության հիմնադիր Սեդա Վարդանյանը, հոգեբան-թրեյներներ Աշխեն Մկոյանը և Լիլիթ Ամիրշադյանն էլ «Էմոցիոնալ ինտելեկտ», «Ո՞վ եմ ես» զեկուցումներով ուսանողներին ուղղորդել են ինքնաճանաչողության, իրենց ուժեղ և թույլ կողմերի բացահայտման:

Աշխատաժողովի ընթացքը հարստացրել են զարգացնող ու բացահայտող ինտելեկտուալ և հոգեբանական խաղերը, որոնք ուղեկցվել են քննարկումներով, մտքերի փոխանակությամբ:

«Ուսանողները հեռացել են վառ տպավորություններով, մեծ ոգևորությամբ ու, անկասկած, գիտելիքներով զինված: Ուստի, այս միջոցառման գերնպատակը համարում ենք իրականացված»,-մեզ հետ զրույցում, ամփոփելով աշխատաժողովի արդյունքները, ասաց Հովհաննես Հարությունյանը:

Բոլոր ունկնդիրները ստացել են հավաստագրեր, իսկ ակտիվությամբ աչքի ընկած 4 ուսանող՝ Մերինա Մլհումյանը, Արամ Հարությունյանը, Իռենա Հակոբյանը և Հասմիկ Ֆրանգյանն արժանացել են մրցանակների:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին