Տնտեսագիտական համալսարանը՝ «Կրթություն և կարիերա EXPO - 2022» եռօրյա ցուցահանդեսի մասնակից

27.04.2022
Դիտումների քանակ՝ 1176

«Հայտնվի՛ր իրադարձությունների կենտրոնում». այս գրավիչ կոչ-կարգախոսը երեք օր՝ ապրիլի 26-29, դպրոցականներին, ուսանողներին և պարզապես կրթական ոլորտով հետաքրքրվողներին կբերի Yerevan EXPO ցուցահանդեսային համալիր՝ Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կրթօջախների կրթական ծրագրերին ծանոթանալու։

Միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO - 2022» ցուցահանդեսի նպատակը Հայաստանի կրթական ծառայությունների բազմազանությունը ներկայացնելն է, կրթություն-բիզնես կապի ամրապնդումը, կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների հաստատումը։

Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում և արտասահմանում գործող շուրջ ութ տասնյակ կրթօջախներ՝ բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ, միջազգային դոնոր կազմակերպություններ։

Հանդիսավոր արարողության բացումն ազդարարեց ՀՀ ԿԳՄՍՆ նախարար Վահրամ Դումանյանը։ «Կրթությունը հասարակության բարեկեցության ու զարգացման հիմնական հենասյուներից է, որի վրա են կառուցվում մյուս բոլոր ոլորտների զարգացման հեռանկարները: ԿԳՄՍ նախարարությունն աջակցել և շարունակելու է աջակցել նմանաբնույթ միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպմանը»,- ասաց նախարարը և սկսեց շրջայցը ներկայացված տաղավարներով։

EXPO – 2022-ին ՀՊՏՀ տաղավարը գրավիչ ու տեղեկատվական է. կրթական ծրագրեր, համալսարանական գիտակրթական միջավայր, ձեռքբերումներ, ընդունելության գործընթացի մանրամասներ, տեղեկատվական նյութեր, որոնք այցելուներին կտրամադրվեն նաև առաջիկա 2 օրերին։

ՀՊՏՀ տաղավարում նախարարին ներկայացվեց համալսարանի 2022-2023 ուստարվա կրթական ծառայությունների փաթեթը (բակալավրական 11 մասնագիտություններ, մագիստրոսական ծրագրեր, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջ):

«Հենց Տնտեսագիտական համալսարանն է, որ խթանող դերակատարություն պետք է ունենա Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,- ՀՊՏՀ տաղավարում ուսանողների հետ զրույցում ընդգծեց նախարար Վահրամ Դումանյանը՝ խրախուսելով աշխատել նույն խանդավառությամբ ու նվիրումով:

Իսկ որ տնտեսագիտական մասնագիտությունների հանդեպ հետաքրքրությունը մեծ է, կրկին համոզվեցինք. այցելուների հոսքը շարունակվում էր, ուսանողները ներկայացնում էին մասնագիտությունները, պատասխանում հարցերին: Իսկ խոստացված անակնկալը՝ մասնագիտական կողմնորոշման ուղղորդող ինտերակտիվ թեստը, համախմբել էր հատկապես շրջանավարտներին:

Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։