Տնտեսագիտական համալսարանն արտակարգ դրությունից տուժած 185 ուսանողի տրամադրել է ուսման վարձի զեղչ

Դիտումների քանակ՝ 2611

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և դրա բացասական տնտեսական հետևանքները, ՀՊՏՀ 185  ուսանողների տրամադրել է ուսման վարձի զեղչ 30 տոկոսի չափով:

Ռեկտորատը հաշվի է առել ուսանողների դիմումները և արտակարգ դրության ժամանակահատվածում տուժելը հիմնավորող փաստաթղթերը (ժամանակավոր պարապուրդ, աշխատանքը կորցրած լինելու հանգամանք և այլն): Ռեկտորատի նիստում հաստատվել է զեղչ ստացած ուսանողների ցուցակը, որին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ռեկտորատի որոշմանը՝ այս քաղվածքում:

«Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը սոցիալական դժվարություններ է ստեղծել նաև ուսանողների համար: Իհարկե, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումն իր օգնությունը բերեց մեր բուհի  335 ուսանողներին, սակայն մեր համալսարանը ևս ցանկացավ անմասն չմնալ և հանդես բերել սոցիալական պատասխանատվություն: Տնտեսագիտական համալսարանն իր հնարավորությունների սահմաններում ևս օգնություն է ցուցաբերում իր ուսանողներին՝ աջակցության հիմքում դնելով նրանց սոցիալական խնդիրները»,- ՀՊՏՀ նախաձեռնությունն այսպես է մեկնաբանել ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին