Թեզերի պաշտպանություններ. ՀՊՏՀ և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագիրը հերթական շրջանավարտներն ունի

Դիտումների քանակ՝ 1627

Այսօր կայացել է ՀՊՏՀ և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագրի ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը (անգլերենով):

Այսպիսով, ծրագիրը հերթական շրջանավարտները թողարկեց. նրանք 5-ն են, որոնք ընդունվել են 2017-2018 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության պետ, տ.գ.թ. Հասմիկ Մանուկյանը, հանձնաժողովի կազմում էին ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը, Մեծ Բրիտանիայի Սաութհամպտոն բիզնես դպրոցի և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի պրոֆեսոր Բրյուս Հերնը ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանը:

Ինչպես asue.am-ին հայտնեց վերոնշյալ մագիստրոսական ծրագրի համակարգող Խորեն Մխիթարյանը՝ հանձնաժողովը բավականին գոհ էր պաշտպանություններից: 5 ուսանողից 3-ն արժանացել է գերազանց, 2-ը՝ լավ գնահատականի:

Խորեն Մխիթարյանը վստահաբար ասաց, որ ծրագրի շրջանավարտները մրցունակ են աշխատաշուկայում, և դրա վառ ապացույցն է, օրինակ այն, որ նախորդ ուստարվա շրջանավարտ Անի Մելքոնյանն այժմ աշխատում է Ժնևի ՈւՄԵՖ համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնում:

Ի դեպ, շրջանավարտների դիպլոմները նախատեսվում է հանձնել 2020թ. հունվարի կեսերին:

Շնորհավորում ենք մեր մագիստրոսներին և բարի երթ մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին