Խոհ-մտորումներ՝ ուղղված արվեստասեր ընթերցողին. լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի հիմնադիր–խմբագրի գիրքը

Դիտումների քանակ՝ 1094

«Տնտեսագետ» ամսագրի հիմնադիր–խմբագիր (1977–2004 թթ.), «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի պատասխանատու քարտուղար (2004–2011 թթ.) Ռաֆայել Երվանդյանի երկարամյա ստեղծագործական ճանապարհը լեցուն է գրական-գեղարվեստական ստեղծագործություններով, խոհագրություններով ու բանասիրական ուսումնասիրություններով: Նրա հոգում ներդաշնակորեն ապրում են լրագրող-հրապարակախոսը, գրող-հոգեբանը, արվեստասերն ու արվեստաբանը, հայոց լեզվի նվիրյալն ու արժանավայել կրողը:
Այսօր այս արգասաբեր համատեղումը տվել է իր հերթական պտուղը. լույս է տեսել հեղինակի «Վերածննդի դարաշրջանի հայելին/ արվեստաբանություն» գիրքը: Այն երկու մասից կազմված խոհագրություն է, անկեղծ զրույց արվեստասերի հետ, որը գրավչությամբ ու կախարդանքով բացահայտում է Լեոնարդո դա Վինչի մեծ արվեստագետի կյանքն ու ստեղծագործությունը, հաճախ նաև՝ ծածկագրված գաղտնիքները, ապա ընթերցողի առջև բացում թատրոնի թանձր վարագույրը, տեսանելի դարձնում դյութիչ ու խորհրդավոր աշխարհը ու հասնում մինչև արվեստների երկիր Իսպանիա:

Գրքի հրատարակչության խմբագիրն է ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Զուխրա Երվանդյանը, պատասխանատու խմբագիրը՝ ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, փ.գ.դ. Սուրեն Սարգսյան-Կատվալյանը, խմբագիրը՝ ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ, փ.գ.թ. Սոֆյա Օհանյանը:
Գրքի բարձրաճաշակ ձևավորումը (ըստ Արտակ Բաղդասարյանի) հարուստ նյութի գեղագիտական, ակնահաճո լրացումն է, ինչը լիարժեք է դարձնում արվեստի աշխարհին հաղորդակցվելու այս գեղեցիկ հնարավորությունը:
Շնորհավորում ենք Ռաֆայել Երվանդյանին ու ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին