Հանդիպումների շարք՝ հանրային կապերի բաժինների հետ. առաջին հանդիպումը՝ ՀՊՏՀ աշխատակիցների հետ

Դիտումների քանակ՝ 1516

Մարքեթինգի ամբիոնի դասախոս, տ.գ.թ., դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտացման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների համար «PR և մեդիաէկոնոմիկա» դասընթացի շրջանակներում կբանախոսեն տարբեր կազմակերպությունների հանրային և տեղեկատվական բաժինների ղեկավարներ ու աշխատակիցներ:
Հանդիպումը մեկնարկեց այսօր և առաջին հանդիպմանը դոցենտի հրավերով մասնակցեցին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, «Տնտեսագետ» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Գևորգյանը, լրագրող Նանե Ավանեսյանը և լուսանկարիչ Ռազմիկ Խաչատրյանը:
Որո՞նք են բաժնին հաճախ տրվող հարցերը, ինչպե՞ս են որոշվում առաջնահերթությունները, ինչպե՞ս է իրականացվում զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքը, ինչպե՞ս է իրականացվում բուհի տեղեկատվական-քարոզչական աշխատանքը ... ուսանողները շատ հարցեր ունեին և հետաքրքրված էին համալսարանի լրատվական-տեղեկատվական միջոցների աշխատանքի կազմակերպմամբ, ՀՊՏՀ պաշտոնական կայքի, «Տնտեսագետ» ամսագրով, Facebook սոցիալական ցանցում համալսարանի պաշտոնական էջի գործունեությամբ: Ուսանողների խնդրանքով Գոհար Գևորգյանն անդրադարձավ բաժնի գործառույթներին՝ առանձնացնելով աշխատանքային հիմնական ուղղությունները, ներկայացրեց ուսանողներին հետաքրքրող հարցերի պատասխանները: Ուսանողների հարցերին պարաբանումներ ներկայացրեց նաև լրագրող Նանե Ավանեսյանը:
Դասն անցավ ինտերակտիվ ձևաչափով՝ հագեցած քննարկումներով: Գոհար Գևորգյանը կոչ արեց համագործակցել ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ՝ ուսումնասիրել ուսանողների՝ տեղեկատվություն ստանալու պահանջմունքները և առաջարկներ ներկայացնել:
Ուսանողները ստացան նաև «Տնտեսագետ» պաշտոնաթերթի օրինակներ: Իսկ լուսանկարիչ Ռազմիկ Խաչատրյանը վավերացրեց հերթական հիշարժան հանդիպումը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին