ՀՊՏՀ գիտնականը այցելել է Հասելթի համալսարան

Դիտումների քանակ՝ 2046

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 10-14-ը Հասելթի համալսարանում (ք. Հասելթ, Բելգիա) է գտնվել ՀՊՏՀ ներկայացուցիչը՝ Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը: Այցի ընթացքում ՀՊՏՀ ներկայացուցիչը հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ է ունեցել Հասելթի համալսարանի Միջազգային համագործակցության և Հետազոտական գործունեության համակարգման գրասենյակների աշխատակիցների, Բիզնեսի տնտեսագիտության և Իրավագիտության ֆակուլտետների դեկանների, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Աշխատանքային քննարկումների ընթացքում Հասելթի համալսարանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեության և իրականացվող հետազոտությունների հիմնական ուղղությունները, տեղի է ունեցել փորձի փոխանակում, միաժամանակ՝ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ երկու բուհերի միջև հետագա համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Մասնավորապես քննարկվել են համատեղ հետազոտությունների իրականացման և ուսանողների ու դասախոսների շարժունակության մեծացման հետ կապված հարցերը:

Վարդան Աթոյանի խոսքով, աշխատանքային շաբաթը նշանակալի է եղել ձեռք բերված մի շարք փոխհամաձայնություններով, որոնք ՀՊՏՀ միջազգայնացման և հետագա զարգացման գործում կունենան իրենց դրական ազդեցությունը: Այցելության ընթացքում հանդիպում է եղել նաև ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Շահբազյանի հետ, ով «Էրազմուս+» ծրագրի և երկու բուհերի համագործակցության շրջանակներում մեկ կիսամյակ ուսանելու է Հասելթի համալսարանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին