«Տնտեսագետի» հայացքի ներքո. պատրաստ է ամսագրի 3-րդ համարը

11.09.2020
Դիտումների քանակ՝ 1649

Սիրելի՛ ընթերցող, այցելու, ամսագրի ամառային (էլեկտրոնային) համարն ամփոփում է անցած ժամանակաշրջանը, որում առանցքային էր ՀՊՏՀ 2019-2020 թվականների թողարկումը, ընդունելության գործընթացը, ՀՊՏՀ խորհրդի նիստում ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը և մեր սիրելի համալսարանի ծննդյան տոնը:

«Շրջանավարտների սերունդ, որը բուհն ավարտեց առցանց» և «ՀՊՏՀ շրջանավարտները նոր կյանք են մտնում «արտակարգ» սպասումներով» վերտառությամբ հոդվածներում ներկայացվում է արտակարգ իրավիճակի պայմաններում ամփոփիչ ատեստավորման գործընթացի արդյունավետ կազմակերպումը, ավարտողների՝ Աստղիկ Նիկողոսյանի, Տաճատ Պապոյանի, Տաթևիկ Առուստամյանի, Սերգեյ Չոբանյանի, Էրիկա Կիրակոսյանի, Ժորա Ստեփանյանի  ջերմ ու սրտառուչ խոսքը՝ ուղղված հարազատ կրթօջախին:

«Տարեգրությունը», շարունակվելով, ներառում է 1988-2005 թթ. բուհի գործունեության  ուշագրավ դրվագները:

Գրիգոր Կիրակոսյանի՝ ՀՊՏՀ երկարամյա ռեկտորի հիշատակի խոսք են ներկայացնում ՀՊՏՀ ռեկտորատը և տնտեսագիտության տեսության ամբիոնի գործընկերները՝ Ֆիրուզա Մայիլյանը, Միքայել Թավադյանը, Սամվել Գրիգորյանն ու Մուշեղ Հակոբյանը:

«Կորպորատիվ ֆինանսներ». բարեփոխված մագիստրոսական ծրագրի արձանագրած հաջողությունների մասին են փաստում համակարգողները, դասախոսները, մագիստրանտները:

Դոցենտ Սամվել Գրիգորյանի հեղինակային «Տնտեսական խճանկարում» կրկին բազմաբովանդակ անդրադարձներ են:

«Տնտեսագետը» շարունակում է «Իմ ՀՊՏՀ» էսսեների մրցույթի աշխատանքների հրապարակումը: Հանդես են գալիս Անուշիկ Մանուկյանը, Գրետա Գուրուրյանը, Ալլա Հարությունյանը:

«Հեռանալով մեզանից՝ նա դարձավ խորհրդանիշ». ներկայացվում է ՀՊՏՀ ռեկտորատի՝ Սերգեյ Մելքումյանի հիշատակի ու արժևորման խոսքը:

«Լրահոսում» անցած շրջանի նորությունների համեստ ընտրանին է:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղին նվիրված էջերում ընդգծում են ստանում ավարտական և ընդունելության գործընթացները. անդրադարձը՝  Լենա Հովհաննիսյանի:

ՀՊՏՀ գիտական խորհրդի առցանց նիստում  լսվել են կազմակերպական հարցեր, զեկույցներ, տրվել հանձարարականներ: Նորություններ են պարունակում նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի էջերը:

«Ամենակարևորի մասին» խորագրում Սիրանուշ Հարությունյանը ներկայացնում է արտակարգ իրավիճակի պայմաններում ԱԻՆ գործունեությունը, անվտանգության մշակույթի ստեղծման անհրաժեշտությունը:

Ամսագրի ժամանցային հատվածում հետաքրքիր փաստեր  են «աշխարհահռչակ կորոնավիրուսի» մասին, ինչպես նաև համաշխարհային գիտաֆանտաստիկ այն գրքերի, որոնք արծարծում են համաճարակների և մարդկության փորձությունների թեման:

Այսպիսով, «Տնտեսագետի» 3-րդ համարի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ առցանց՝  ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին