Թրեյնինգ` նվիրված ՄՌԿ արդյունավետությանը
ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը, համագործակցելով աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի հետ, ուսանողների, դասախոսների և աշխատակիցների համար ևս մեկ արդիական թեմայով այսօր հանդիպում էր նախաձեռնել. «Ֆրեդա» խորհրդատվական ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Կիրակոսյանը մեր համալսարանում անցկացրեց «Մարդկային ռեսուրսների (HR) կառավարման հիմնական փուլերի վերլուծություն և արդյունավետ գործիքների տրամադրում» թրեյնինգը: ՄՌԿ մասնագետի ելույթը բովանդակալից վերլուծություն էր մրցունակ և բարձր արտադրողականություն ապահովող անձնակազմի ձևավորման ու կայունության, անձնակազմի հավաքագրման գործընթացներում արդիական արժեքներ կիրառելու, գիտելիքի գնահատման, աշխատակիցների մոտիվացնելու, գրավիչ աշխատանքային միջավայր ստեղծելու, կոնֆլիկտները լուծելու, աշխատանքային կանոնադրությունը պահպանելու հարցերի շուրջ: «Աշխատանքային թիմ հավաքագրելու համար հարցազրուցավարը պետք է կարողանա խորամուխ լինել թեկնածուի մասնագիտական հմտությունների և անձնային որակների վրա: Աշխատելու հնարավորություն տվեք այն թեկնածուներին, ովքեր հարցազրույցի ընթացքում վստահություն են ներշնչում և հակառակը». սա ՄՌԿ մասնագետներին ուղղված խորհուրդ էր, իսկ ուսանողների համար բանախոսը այլ ասելիք ուներ՝ պատասխանն այն հարցի, թե ինչ որակներ պետք է զարգացնեն, որպեսզի արժանանան գործատուի վստահությանը:
Տիգրան Կիրակոսյանը նշված թեմաների պարզաբանումն ավելի պատկերավոր էր դարձնում իր աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպող համապատասխան օրինակներով:
Թրեյնինգի ավարտին ակտիվ հարցուպատասխան էր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին