Ի՞նչ կրթական փոփոխություններ են ակնկալում ուսանողները. բանավիճում են անգլախոսները

Դիտումների քանակ՝ 1359

ՀՊՏՀ լեզուների ամբիոնը «Փոփոխություններ» (Change) թեմայով հետաքրքրական քննարկում էր կազմակերպել՝ անգլերենի դասախոս Անահիտ Շահինյանի առաջարկությամբ: Միջոցառումը մեկտեղել էր ֆինանսական և կառավարման ֆակուլտետների 2-րդ և 3-րդ կուրսերի լավագույն անգլախոս ուսանողներին, ներկա էին լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., դոցենտ Լուսինե Հարությունյանը, նույն ամբիոնի դասախոսներ:
Անահիտ Շահինյանը, ներկայացնելով խնդրո առարկան, համոզմունք հայտնեց, որ փոփոխությունները մեր կյանքի շարունակական գործընթացներն են և առաջընթացի հիմքում հենց փոփոխությունն է: «Անձի զարգացում, հասարակության զարգացում, տարբեր ոլորտների առաջխաղացում. բոլորն սկսվում են փոփոխություններից: Ուստի եկեք հասկանանք՝ ինչ ասել է փոփոխություն, ինչպես պետք է այն սկսել, ինչպես եք դուք՝ երիտասարդներդ վերաբերվում փոփոխություններին»,-հարցերն առաջադրելուց հետո սկսվեց մտագրոհ: Տարբեր, նույնիսկ հակասական տեսակետներ հնչեցին. անգլախոս լսարանը երևույթը դիտարկեց թե' դրական, թե' բացասական կողմերից: Ուսանողների մի մասը բարձրաձայնեց, որ իրենք միշտ պատրաստ են փոփոխությունների, ոմանք էլ խոստովանեցին, որ հաճախ «վախենում են» դրանցից: Քննարկումից հետո թեմայի շուրջ զեկուցումներ ներկայացրին ուսանողներ Գոհար Գրիգորյանը (ֆինանսական ֆակուլտետ, 2-րդ կուրս), Ժաննա Ոսկանյանը, Դիանա Հարությունյանը, Լուսինե Գալստյանը, Մարի Ավագյանը (ֆինանսական ֆակուլտետ, 3-րդ կուրս), Սիրանուշ Մխիթարյանը (կառավարման ֆակուլտետ, 3-րդ կուրս): Տարբեր անդրադարձներ եղան, շոշափվեց անձնային աճին միտված փոփոխությունների ենթահարցը, ապա լսարանի կողմից հատուկ ուշադրության արժանացավ կրթական փոփոխություններին առնչվող ելույթը: Զեկուցողները անդրադարձան կրթության զարգացման դինամիկային՝ ցույց տալով 1900-ականներից մինչ օրս տեղի ունեցած փոփոխությունները, և կրթության զարգացումը մեծապես կապակցեցին տեխնոլոգիական հեղաշրջման հետ, որի կողքին տեղ գտան ուսուցման նոր, արդյունավետ եղանակներ ու մեթոդներ (առցանց ուսուցում, էլեկտրոնային գրադարաններ, ակադեմիական առցանց բազաներ և այլն): Քննարկման արդյունքում ՀՊՏՀ-ականները ներկայացրին իրենց կրթական պահանջմունքները՝ ուսանողակենտրոն համակարգ, որում ուսանողն ավելի է մոտիվացվում, դառնում ինքնուրույն ու պրպտող: Խոսվեց ժամանակակից դասախոսի դերի մասին՝ ուղղորդող մասնագետ-խորհրդատու: Ուսանողների գնահատմամբ՝ մեր կրթական համակարգն իրենց երազած փոփոխությունների ճանապարհին է:
Ընդհանուր առմամբ, քննարկողները եկան եզրահանգման, որ փոփոխությունը նորարարություն է, զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին