ՀՊՏՀ-ականները հաջողություններ են գրանցել ուսանողական մարզական 23-րդ խաղերում

19.04.2022
Դիտումների քանակ՝ 850

Հանրապետական 23-րդ ուսանողական մարզական խաղերի շրջանակում ապրիլի 14-ին տեղի ունեցավ 3X3 բասկետբոլի միջբուհական առաջնությունը: 8 բուհերի շարքում ՀՊՏՀ աղջիկների բասկետբոլի հավաքականը գրավեց 2-րդ հորիզոնականը՝ կիսաեզրափակչում հաղթելով ԵՊՀ-ի թիմին: Տղաների պայքարում առաջատար դարձավ ԵՊՀ թիմը, աղջիկների պայքարում՝ ՀՖԿՍՊԻ թիմը։

Մինչ այդ՝ ապրիլի 5-ին և 8-ին, կայացել էին սեղանի թենիսի աղջիկների և տղաների առաջնությունները։ Դիտարժան մրցապայքարից հետո թիմային խաղերում ՀՊՏՀ աղջիկների հավաքականը գրավել էր 2-րդ հորիզոնականը՝ եզրափակչում զիջելով ՀՖԿՍՊԻ-ին։

Անհատական պայքարում գրանցված արդյունքներով աղջիկներից հաղթող է ճանաչվել ՀՖԿՍՊԻ ներկայացուցիչը։ ՀՊՏՀ ուսանողուհի Յանա Պետրոսյանը գրավել է 3-րդ պատվավոր հորիզոնականը։ Տղաների պայքարում մրցանակային 3-րդ տեղ է զբաղեցրել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանող Նորիկ Ղազարյանը։

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են պատվոգրերով ու հուշանվերներով։

ՀՊՏՀ ֆուտզալի ուսանողական հավաքականը հաջող խաղ է ցուցադրել ապրիլի 14-ին մեկնարկած և մարզական խաղերի ծրագրում ընդգրկված «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարի ընթացքում, որին մասնակցում էին 9 բուհական թիմեր: Գեղեցիկ ու լարված խաղի արդյունքում ՀՊՏՀ հավաքականը 1-ին մրցափուլում 5։0 հաշվով հաղթել է Ֆրանսիական համալսարանի թիմին։ Լիգան կանցկացվի 2 փուլով և կավարտվի նոյեմբերին:

Նշենք, որ ուսանողական մարզական խաղերին մասնակցում են հանրապետության 25 բուհերի ավելի քան 2000 ուսանող մարզիկներ։ Խաղերի շրջանակներում կանցկացվեն 18 մարզաձևերի 17 առաջնություններ և մեկ լիգա (ֆուտզալ)։

Շարունակական հաղթանակներ ենք մաղթում մեր մարզիկներին: