Կայացավ «Ձեռնարկության տնտեսագիտություն» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը

01.11.2024
Դիտումների քանակ՝ 533

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նշվեց «Ձեռնարկության տնտեսագիտություն» մեծածավալ ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որը լույս է ընծայվել տնտեսագի­տության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանի ընդհանուր ղեկավարությամբ ու խմբագրությամբ և ամբիոնի գիտնական մանկավարժների համատեղ ջանքերով։

Շնորհանդեսին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, հյուրեր, ՀՊՏՀ ակադեմիական և վարչական աշխատակիցներ, ուսանողներ։ Ողջունելով ներկաներին՝ Միքայել Մելքումյանն անդրադարձավ ձեռնարկի պատրաստման և լույսըծայման աշխատանքներին, ընդգծեց, որ նոր հրատարակությունը ամբիոնի բոլոր աշխատակիցների աշխատանքի արդյունքն է և պարզաբանում է ձեռնարկության տնտեսագիտության և կառավարման ոլորտի արդիական հիմնահարցեր։

Այնուհետև ելույթ ունեցան ձեռնարկի հեղինակներ Ֆրիդա Բահարյանը, Արթուր Առաքելյանը, Շաքե Իսայանը, Թագուհի Բարսեղյանը՝ կարևորելով արդյունավետ ամբիոնային աշխատանքը, գրքի օգտակարությունը, ներկայացված հարցերի լայն շրջանակը, ոլորտային հարցերի պարզաբանումը և այդ համատեքստում՝ ամբիոնի կողմից հայալեզու մասնագիտական գրականության ստեղծումը։

Ուսումնական ձեռնարկը հրատարակության է երաշխավորել ՀՊՏՀ գիտական խորհուրդը, այն նախատեսված է տնտեսագիտական բուհերի ուսանող­ների, ասպիրանտների և մասնագիտական լայն շրջանակի համար։ Գրախոսներն են տ․գ․դ․, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը և տ․գ․թ․, դոցենտ Նելլի Շահնազարյանը։ Շնորհավորելով հեղինակային խմբին նոր հրատարակության առթիվ՝ Վարդան Բոստանջյանն ասաց, որ նման ձեռնարկի պատրաստումը չափազանց կարևոր և հրատապ է հատկապես մեր օրերում՝ կենտրոնացված համակարգի պայմաններում, երբ ձեռնարկությունների կազմակերպումը, կառավարումը այլ կարևորություն են ստանում։ Նելլի Շահնազարյանը ձեռնարկն օգտակար համարեց ոչ միայն ուսանողների, այլև ասպիրանտների, ձեռնարկատերերի, գործարարների համար՝ ձեռնարկությունների ստեղծման, կառավարման, շուկայում մրցունակ լինելու և բազում այլ հարցերի տեսանկյունից։

Կառավարման ամբիոնի վարիչ Գագիկ Ասլանյանը շնորհավորեց գործընկերներին նոր հրատարակության առթիվ՝ նրանց գործունեությունը համարելով օրինակելի։ Ուսանող Աննա Բադալյանը շնորհակալություն հայտնեց ուսանողների անունից՝ նշելով, որ ձեռնարկում ամփոփված նոր գիտելիքը կամբողջացնի ու կամրապնդի ուսանողների տնտեսագիտական կարողությունները։

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանն ամփոփիչ ելույթով շնորհավորեց հեղինակներին և արժևորեց ամբիոնի աշխատանքը՝ նշելով, որ համալսարանում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ ձեռնարկ հրատարակելը լինի ամենօրյա, բնականոն գործընթաց։ «Տնտեսագիտական մայր բուհում պետք է ձևավորվեն տնտեսագիտական նոր տեսություններ, նոր արժեքներ, պետք է գեներացվի երկրի տնտեսագիտական միտքը, ինչին էլ միտված են մեր այսօրվա ջանքերը»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորը։

Հավելենք, որ ձեռնարկում հեղինակները քննարկում են ձեռնարկության և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպմանն առնչվող հիմ­նա­հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվում արտադրական ծրագրի մշակմանը, բիզնես պլանավորմանը, ռեսուրսների արդյունա­վետ օգ­տա­գործման մեթոդների կիրառմանն ու կադրերի ճիշտ կառա­վարմանը։

Շնորհանդեսի մյուս լուսանկաները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում