«Վաճառքի հաջողության ռազմավարությունը»՝ ՀՊՏՀ ուսանողների համար նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն

25.10.2024
Դիտումների քանակ՝ 490

ՀՊՏՀ-ում հոկտեմբերի 23-25-ը կայացավ «Վաճառքի հաջողության ռազմավարությունը» թեմայով եռօրյա ինտենսիվ և բացառիկ դասընթացը՝ ՀՊՏՀ-ի և մեր լավագույն գործընկերներից մեկի՝ «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ համագործակցության արդյունքում։ Այս նախաձեռնությունը նպատակ ուներ ուսանողներին տրամադրելու այն կարևորագույն գիտելիքներն ու գործնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից բիզնես միջավայրում հաջողակ լինելու համար։ Շուրջ 100 ուսանող՝ բոլոր ֆակուլտետներից, մեծ ոգևորությամբ մասնակցում էր դասընթացին, ինչը վկայում է վաճառքի ոլորտի նկատմամբ հետաքրքրության աճի մասին։

Դասընթացը վարում էր «Արփիսոլար» ՍՊԸ-ի կոմերցիոն ղեկավար և վաճառքի փորձառու թրեյներ Սամվել Մարտիրոսյանը։ Դասընթացի առանձնահատկությունը ինտերակտիվ ձևաչափն էր. ամբողջ ընթացքը կառուցված էր թիմային առաջադրանքների և հարցուպատասխանի վրա՝ ստեղծելով աշխույժ ներգրավվածություն։ Ուսանողները հնարավորություն ստացան իրական ոլորտային դեպքերի (case) հիման վրա ուսումնասիրելու վաճառքի առանցքային փուլերը՝ հաճախորդների ներգրավում, ներկայացում-բանակցություններ և գործարքի հաստատում, ինչպես նաև զարգացնելու արդյունավետ բանակցային և վաճառքի հմտությունները:

Դասընթացը կարևոր էր նրանով, որ ուսանողներին հնարավորություն ընձեռեց ոչ միայն տեսական գիտելիքներ ձեռք բերելու, այլև անմիջապես գործնականում կիրառելու դրանք՝ խթանելով թիմային մտածողությունը և գործնականում ամրապնդելով նրանց մասնագիտական ունակությունները։ Ամեն թեման հարստացվում էր մասնակիցների հարցերով ու պատասխաններով՝ խրախուսելով նրանց առավել ակտիվ լինել և խորքային պատկերացում կազմել վաճառքի ոլորտի արդի մարտահրավերների և հնարավորությունների մասին։

Սույն դասընթացն ընդգրկում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են վաճառքի հեռանկարները, ժամանակակից մոտեցումները, վաճառքի հիմնական փուլերի կառուցվածքը, ինչպես նաև հաջողակ վաճառքի մասնագետի առանցքային հմտությունները։ Հոկտեմբերի 25-ին՝ դասընթացի վերջին օրը, յուրաքանչյուր փուլը հաջողությամբ անցած մասնակիցները ստացան հավաստագրեր՝ ի նշան իրենց նոր ձեռքբերումների և գիտելիքների, ինչը նրանց համար ճանապարհ կբացի դեպի ավելի մեծ հաջողություններ։

Դասընթացի երեք օրերի մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում