ԱՄՆ Ֆուլբրայթ ծրագրի կրթաթոշակակիր Լայլա Բոյաջյանը կդասավանդի ՀՊՏՀ-ում

22.09.2021
Դիտումների քանակ՝ 1283

ԱՄՆ կառավարության Ֆուլբրայթ փոխանակման ծրագրի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առաջիկա ինն ամիսներին անգլերեն կդասավանդի ծրագրի կրթաթոշակակիր, կրթության փորձագետ Լայլա Բոյաջյանը։

ՀՊՏՀ-ում օտարերկրյա հյուրին այսօր ընդունեցին արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը և լեզուների ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանը։

Ողջունելով Լայլա Բոյաջյանի այցը Հայաստան և ՀՊՏՀ՝ Լուսինե Դանիելյանն ընդգծեց, որ ինքը, հանդիսանալով ամերիկյան կառավարության ծրագրերի շրջանավարտ, անչափ կարևորում է բուհի միջազգայնացման խթանմանն ուղղված ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալու աշխարհի առաջատար համալսարանների փորձին և այն կիրառելու Հայաստանում։

«Տնտեսագիտական համալսարանը խիստ կարևորում է միջազգայնացման մոտեցումները, որոնք հնարավորություն են տալիս միջազգային ծրագրերի և փոխշփումների արդյունքում բարելավելու բարձրագույն կրթության որակը»,- նշեց Լուսինե Դանիելյանը։ Միջազգայնացման բազմազան մոտեցումներից մեկն էլ, ըստ նրա, Ֆուլբրայթ ծրագիրն է, որի շրջանակում նախորդ տարիներին ՀՊՏՀ-ում հյուրընկալվել են ծրագրի կրթաթոշակակիր երկու դասախոսներ։

Կարևորելով օտար լեզուների դասավանդման և լեզվական հմտությունների փոխանցման անհրաժեշտությունը՝ ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանն ընդգծեց, որ համալսարանի համար մեծ պատիվ է ԱՄՆ դեսպանատան այս ծրագրի շահառու լինելը։ «Ամեն կիսամյակ շուրջ 200 ուսանող մեր բուհում հնարավորություն կունենա հաղորդակցվելու լեզվակրի հետ, զարգացնելու ոչ միայն լեզվական հմտությունները, այլև ծանոթանալու ամերիկյան մշակույթին, կրթական փորձին։ Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ համալսարանի հետ այս ոլորտում արդյունավետ համագործակցություն ծավալելու համար և ուրախ ենք, որ հենց Տնտեսագիտական բուհն եք ընտրել»,- ընդգծեց Լուսինե Հարությունյանը։

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Լայլա Բոյաջյանը նշեց, որ հետաքրքրված է աշխարհի տարբեր ծայրերում անգլերեն սովորող և ուսումնասիրող մարդկանց հետ շփումներով։ Դասավանդման համար ընտրել է Հայաստանը, որովհետև հայկական արմատներ ունի, թեև հայկական միջավայրում չի մեծացել։

«Կամավորական աշխատանքների ընթացքում հասկացել եմ, որ պետք է և ցանկանում եմ լինել Հայաստանում, ճանաչել այս հրաշալի երկիրը և բարելավել իմ հայերենի իմացությունը։ Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, շնորհակալ եմ սիրալիր և ջերմ հյուրընկալության համար»,- նշեց հայազգի հյուրը։

Հրավիրյալ դասախոսին ուղեկցում էր ԱՄՆ դեսպանատան մշակութային-կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանը։ Նա ողջունեց ՀՊՏՀ-ի հետ արդեն ավանդույթ դարձած համագործակցությունը՝ արդյունավետ ընթացք մաղթելով նաև այս նոր նախաձեռնությանը․ «ՀՊՏՀ լեզուների ամբիոնի հետ մեր փոխգործակցությունը նոր չէ։ Նախկինում իրականացրած ծրագրերը մշտապես հաջողությամբ են պսակվել, իսկ դրանում մեծ ներդրում ունի այս ամբիոնը՝ ի դեմս ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանի։ Համոզված եմ, որ արգասավոր է լինելու նաև մեր այս համագործակցությունը»։

Նշենք, որ Լայլա Բոյաջյանն ուսումնական տարվա ողջ ընթացքում անգլերեն կդասավանդի ՀՊՏՀ գրեթե բոլոր ֆակուլտետների 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներին։ Դասավանդմանը զուգահեռ ամիսը երկու անգամ փորձառու մասնագետը կհանդիպի ՀՊՏՀ «Անգլիախոսների ակումբի» անդամների հետ՝ վերջիններիս լեզվական և հաղորդակցման հմտությունները զարգացնելուն զուգահեռ փոխանցելով գիտելիքներ նաև ամերիկյան արժեհամակարգի, ավանդույթների, կրթական առաջնահերթությունների վերաբերյալ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին