Հաղթական նորամուտ. Մանվել Խնձրցյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանի նորամուտը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնություն նշանավորվեց երրորդ հորիզոնականի համար համառ պայքարով ու հաղթանակով։ Մարտի 28-ից ապրիլի 3-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտից մեր մարզիկը վերադարձել է բրոնզե մեդալով։
Միջազգային մրցումներում հաղթելու փորձ Մանվել Խնձրցյանն արդեն ունի։ 2021 թ. ամռանը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մանվելը նվաճել է արծաթե մեդալ։ Հաղթանակը նպատակասլաց մարզիկին ուղեկցեց նաև աշխարհի երիտասարդական առաջնությունում. Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայից մարզիկը վերադարձավ բրոնզե մեդալով։
Այս անգամ էլ կամային բարձր հատկանիշների, համառ պարապմունքների ու մարզումների, բաղձալի հաղթանակին հասնելու ձգտման շնորհիվ Մանվել Խնձրցյանը վստահ կանգնեց պատվո հարթակին։
Եվրոպայի առաջնությունից Մանվելը վերադարձել է վառ տպավորություններով. ըմբշամարտի պատմության մեջ մեծ հետք թողած հայտնի մարզիկների հետ նույն մրցագորգում լինելը անկրկնելի զգացողությունններ են պարգևել նրան։
«Այս մեդալը քառապատկեց վստահությունը սեփական ուժերիս նկատմամբ։ Հիմա ես առավել քան հաստատակամ եմ՝ նոր հաղթանակներ նվաճելու, հայրենիքիս դրոշը ամենաբարձր մարզական հարթակներում ծածանելու»,- խոստովանում է մարզիկը։
Շնորհավորում ենք երիտասարդ ու խոստումնաշատ մեր Մանվելին և մաղթում կամք ու վճռականություն, մարզական նորանոր հաղթանակներ։