ՀՊՏՀ-ն յուրահատուկ տեղ ունի իմ սրտում. Ֆրենկ Ստիկսման դասախոսեց Տնտեսագիտականում

04.04.2022
Դիտումների քանակ՝ 1414

«Նորարարական բիզնես մոդելներ արագ փոփոխվող աշխարհում»․ սա էր Նիդեռլանդների Սաքսիոնի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Ֆրենկ Ստիկսմայի դասախոսության թեման։ Պրոֆեսորն այսօր ՀՊՏՀ-ում էր և տնտեսագիտականի ուսանողներին փոխանցեց բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտում իր կուտակած փորձը։

Ֆրենկ Ստիկսմայի գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկուն է՝ բիզնես մոդելներ, մատակարարման շղթայի և տվյալների կառավարում: Ապագա տնտեսագետների հետ Ստիկսման խոսեց ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների, գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու, բիզնես մոդելները փոխկապակցելու հնարավորությունների մասին, բացահայտեց, թե ինչ բիզնես մոդելներ են պահանջում համաշխարհային բնապահպանական և սոցիալական խնդիրները։

Պրոֆեսորը հայ ուսանողներին ներկայացրեց իր մոտեցումները՝ շրջակա միջավայրի մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ պետության և անհատի դերի ու անելիքի առնչությամբ և խոսելով նորարարական բիզնես մոդելների մասին՝ ներկայացրեց նիդեռլանդական փորձը։

«Ի պատասխան հասարակական և բնապահպանական բազմաթիվ մարտահրավերների՝ մենք պետք է մշակենք արդար բիզնես մոդելներ: Տեղեկատվական տեխնոլոգիաները տվյալների և գիտելիքի տնտեսության համատեքստում պահանջում են սերտ համագործակցություն միջազգային գործընկերների հետ: Այս առումով ՀՊՏՀ-ն մեզ համար կարևոր գործընկեր է բիզնեսի նորարարական փորձի մշակման գործում համաշխարհային տնտեսական գործոնների լայն շրջանակին անդրադառնալիս»,- ասաց պրոֆեսորը:

Ֆրենկ Ստիկսման ՀՊՏՀ-ում առաջին անգամ չէ։ Տնտեսագիտական բուհի հետ սերտ ու կայուն հարաբերություններ է զարգացրել դեռ նախորդ այցելության ժամանակ։

«ՀՊՏՀ-ում առկա գիտելիքի խոր բազան և բարձր որակավորում ունեցող մասնագետներն ու գիտական անձնակազմը նպաստում են բիզնեսի առջև ծառացած այս մարտահրավերներին դիմակայելու կարևոր հիմքի ստեղծմանը»,- նշեց պրոֆեսորը։

Դասախոսությունն ավարտելով՝ Ֆրենկ Ստիկսման շրջեց համալսարանում, եղավ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, հանդիպումներ ունեցավ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրենի, միջազգային կապերի բաժնի և կարիերայի կենտրոնի պետի հետ։

«ՀՊՏՀ-ն իր յուրահատուկ տեղն ունի իմ սրտում»,- հրաժեշտից առաջ խոստովանեց պրոֆեսորը՝ լիահույս, որ բազմաթիվ համատեղ նախագծերն ու ծրագրերը դեռ առջևում են։