«Էրազմուս+»-ի շրջանակում այց Ցենովի տնտեսագիտության ակադեմիա

30.06.2022
Դիտումների քանակ՝ 1306

ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Եվգենյա Բազինյանը «Էրազմուս+»-ի դասավանդող անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակում հունիսի 20-26-ը գտնվել է Բուլղարիայի Սվիշտով քաղաքի Դ. Ա. Ցենովի տնտեսագիտության ակադեմիայում:

Այցելության ընթացքում Եվգենյա Բազինյանը դասախոսել է «Ժամանակային շարքերի վերլուծություն և կանխատեսում R ծրագրային փաթեթի միջոցով» թեմայով, ծանոթություններ հաստատել Տնտեսագիտության ակադեմիայի պրոֆեսորադասախոսական և ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։

Գործնական հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համատեղ հետազոտություններ իրականացնելու և փոխադարձ այցեր կազմակերպելու պայմանավորվածություններ։

Ցենովի տնտեսագիտության ակադեմիայում Եվգենյա Բազինյանը հանդիպել է նաև «Էրազմուս+»-ի շրջանակում փոխանակման ծրագրով սովորող ՀՊՏՀ ուսանողուհի Հասմիկ Ղամբարյանին (նշենք, որ գործընկեր բուհում այս կիսամյակ ուսումնառում է ՀՊՏՀ 2 ուսանող)։

Բազինյանի փոխանցմամբ՝ ակադեմիայում բարձր են գնահատում այս և նախորդ տարիների ուսանող ՀՊՏՀ-ականներին։