Էրազմուսյան գործընկերների այցերը ՀՊՏՀ

05.06.2023
Դիտումների քանակ՝ 1090

«Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակում այս օրերին ՀՊՏՀ-ն հյուրընկալել է Մալթայի, Պոզնանի և RISEBA համալսարանների պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներին։

Մայիսի 22-26-ը հյուր էր Մալթայի արվեստի, գիտության և տեխնոլոգիայի համալսարանի բիզնեսի կառավարման և առևտրի ինստիտուտի տնօրեն Անդրյու Գալեան։ Վերջինս ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի հետ քննարկել է երկու բուհերի արդյունավետ համագործակցության, համատեղ գիտակրթական և հետազոտական աշխատանքների իրականացման, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի միջազգային շարժունության նոր հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցեր։ Լուսինե Դանիելյանը հյուրին ներկայացրել է ՀՊՏՀ արտաքին կապերի ընդլայնման և բուհի միջազգայնացման ուղիները։

Մայիսի 29-ից հունիսի 2-ը ՀՊՏՀ-ում էր Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի (Լեհաստան) համալսարանի դասախոս, մարքեթինգային ռազմավարությունների բաժնի պետ Զիգմունտ Վաշկովսկին։ ՀՊՏՀ ուսանողների համար նա դասախոսել է «Շուկայավարման կողմնորոշման էվոլյուցիան և չափերը» թեմայով։

Նույն ժամանակահատվածում հյուր էր նաև RISEBA կիրառական գիտությունների (Լատվիա) համալսարանի միջազգային ուսանողների համակարգող Կարինե Մանուչարյանան։ Միջազգային կապերի բաժնի աշխատակիցների հետ նա քննարկել է ներգնա և արտագնա շարժունության ծրագրերի ընդլայնման, երկու բուհերի շարունակական համագործակցության հարցեր։

Մայիսի 31-ից հունիսի 5-ը ՀՊՏՀ-ում էր Վիեննայի կիրառական գիտությունների (Ավստրիա) համալսարանի դոկտոր, Սոցիալական և մեթոդական իրավասությունների և Փոփոխությունների կառավարում դեպարտամենտների տնօրեն Էդգար Վայսը։ Վերջինս ՀՊՏՀ ուսանողների համար դասախոսել է «Մարդկային գործոնները նախագծերում․ որոշումների ընդունում անորոշության պայմաններում» և «Կազմակերպական վարքագիծ․ թիմերի ստեղծում և կառավարում» թեմաներով։

Էդգար Վայսն այցելել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, հետազոտական ուղղություններին։