Վլադիմիր Ներկարարյան – 90. հիշում ենք ու խոնարհվում
Դեկտեմբերի 18-ին տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, մեր համալսարանի հիմնադիր-ռեկտոր Վլադիմիր Սմբատի Ներկարարյանը կդառնար 90 տարեկան: Այսօր ճանաչված տնտեսագետին և վաստակաշատ մանկավարժին մեր ավագ գործընկերները սիրով, երախտագիտությամբ են հիշում, երիտասարդները լսել են նրա մասին, իսկ ուսանողները գիտեն, որ բարձր առաջիմության համար կարող են արժանանալ մեծանուն տնտեսագետի անվան կրթաթոշակին:
Գիտական ու մանկավարժական աշխատանքի հարուստ փորձն ուսած (1960 թ. պաշտպանել է թեկնածուական, 1972-ին` դոկտորական ատենախոսությունը, 1964-ին նրան շնորհվել է դոցենտի, 1975-ին` պրոֆեսորի կոչում)՝ նա դարձավ նորաստեղծ տնտեսագիտական բուհի՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր և պատվով ու սկզբունքայնորեն, իր առաքելության բարձր գիտակցմամբ ձեռնամուխ եղավ նրա կայացմանն ու առաջընթացին:
Ինստիտուտի կազմավորումը բազմաթիվ խնդիրներ էր առաջադրում՝ մասնագիտական ամբիոնները բարձրորակ կադրերով համալրելու, ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու, գործուն ու արհեստավարժ կազմավորումներ ձևավորելու, փորձագիտական լաբորատորիաներ, գրադարան, ընթերցասրահներ ստեղծելու և այլն, և այլն: Վլադիմիր Ներկարարյանը համակողմանիորեն դրսևորեց իրեն որպես հմուտ կառավարիչ, պահանջկոտ ղեկավար, աջակից գործընկեր, խորագետ ուսուցիչ, բարեսիրտ ու զգայուն մարդ:
Տարիների հեռավորությունից կարելի է անսխալ ու հաստատ ասել. Վլադիմիր Ներկարարյանը սերունդներին թողել է բարի անուն և հարուստ գիտական ժառանգություն, ազնվության, աշխատասիրության բազում դասեր, իսկ մեր սիրելի համալսարանին՝ առաջընթացի ճանապարհն անշեղորեն անցնելու պատգամ:
ՀՊՏՀ ռեկտորատ
Լուսանկարները՝ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պահոցից