Minerva ծրագրի շրջանակներում կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում

Դիտումների քանակ՝ 1620

«Էրազմուս+»-ի «Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (Minerva) 2019-2022» ծրագրի շրջանակներում Երևանի պետական բժշկական համալսարանում օրերս տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում, որին ՀՊՏՀ-ից մասնակցել են գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը, էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժնի աշխատակից Դավիթ Խուրշուդյանը:

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Եվգենյա Բազինյանը, հանդիպման ժամանակ ծրագրի յուրաքանչյուր մասնակից բուհ ներկայացրել է իր կատարած աշխատանքը, հստակեցվել է յուրաքանչյուրի անելիքն ու մասնակցությունը ծրագրում: Առաջիկա աշխատանքների շարքում են փոխայցելությունները, որոնց նպատակը ծրագրի մասնակիցների ռեսուրսներին, ծրագրի վերաբերյալ նրանց դիրքորոշումներին, կատարված աշխատանքներին ծանոթանալն է, կարճաժամկետ և երկարաժամկետ պլանների կազմման ու կատարման ընթացակարգերի քննարկումը:

«Նշենք նաև, որ սեպտեմբերի վերջին ծրագրի մասնակից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, EIFL միջազգային կազմակերպության հետ համատեղ (ծրագրի գործընկեր), իրենց բուհում երկօրյա կոնֆերանս էր կազմակերպել, որը նվիրված էր Հայաստանում բաց գիտության (Open Science) քաղաքականության մշակման հիմնահարցերին և ոչ միայն: Այն վարում էր կազմակերպության ծրագրերի համակարգող և դասընթացավար Իրինա Կուչման»,- հավելեց Եվգենյա Բազինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը «Էրազմուս+»-ի «Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (Minerva)2019-2022» ծրագրի մասնակից է: Ծրագիրը ներառում է հետազոտական ոլորտում տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծում և հզորացում, գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի ծրագրի ներդրում, հետազոտությունների բազայի ստեղծում և ներդրում: Ծրագիրն իրականացվում է Մոլդովայում և Հայաստանում, հայաստանյան մասնակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև Երևանի պետական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին