Աշխատանք` լավագույն ուսանողներին. համագործակցություն ԱյԴի բանկի հետ
ՀՊՏՀ բակալավրիատի 4-րդ կուրսերի ուսանողների շրջանում հունիսի 19-ին ԱյԴի բանկն իրականացրեց բազային գիտելիքները ստուգող թեստ, որի արդյունքներով լավագույնները կընտրվեն և կմասնակցեն բանկի վերապատրաստման ծրագրին, այնուհետև աշխատանքի կանցնեն:
Մեզ հետ զրույցում ԱյԴի բանկի մարդկային ռեսուրսների կառավարման գլխավոր մասնագետ Արսինե Փանոսյանը նշեց, որ ծրագրի մասնակիցները հայաստանյան առաջատար բուհերում ֆինանսական կրթություն ստացող ավագ կուրսերի ուսանողներն են, և նպատակն է բանկի թիմը երիտասարդ ու եռանդուն կադրերով համալրելը:
«Այս տարեսկզբին ևս իրականացրել ենք նույն ծրագիրը, որի արդյունքում 9 ուսանող, այդ թվում՝ 6-ը ՀՊՏՀ-ից, բանկի տարբեր ստորաբաժանումներում անցել են հաստիքային աշխատանքի: Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից, թեստավորումից հետո ուսանողները հրավիրվում են հարցազրույցի՝ կրկին 2 փուլով, որի արդյունքում ընտրվածները մասնակցում են 1-2 ամիս տևողությամբ վերապատրաստման: Բանկի փորձառու մասնագետները այդ ընթացքում տեսական և պրակտիկ գիտելիքներ են հաղորդում, իսկ վերջում ուսանողները քննություն են հանձնում և կրկին լավագույն արդյունքով ընտրում և հիմնական աշխատանք ենք առաջարկում ուսանողներին»,-ասաց ՄՌԿ մասնագետը:
ՀՊՏՀ-ում թեստավորման կազմակերպմանն աջակցել է համալսարանի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը:
Մասնակցում էին 2 տասնյակից ավել ուսանողներ, որոնց մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին