ՀՊՏՀ-ում նշվեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առիթով այսօր մեր համալսարանում 1-ին կուրսերի ուսանողների համար անցկացվեց իրազեկող միջոցառում, որին ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության քաղպաշտպանության վարչության քաղպաշտպանության կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության փոխգնդապես Տիգրան Դանիելյանը, քաղպաշտպանության ավագ ենթասպա Մարիա Հովհաննիսյանը, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոսները։
Միջոցառումը կազմակերպել էր ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դոցենտ, համալսարանի քաղպաշտպանության գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանը։ Շնորհավորելով գարնան առաջին օրը՝ նա պատմական ակնարկով ներկայացրեց քաղաքացիական պաշտպանության ձևավորման առանցքային փաստերը, համաշխարհային օրվա նշանակությունը և խոսքը տրամադրեց բանախոսին։
Տիգրան Դանիելյանն իր ելույթում անդրադարձավ քաղպաշտպանության արդի հիմնախնդիրներին, օրենսդրական նորմերին և ռազմական դրության պայմաններում բնակչության պաշտպանության կազմակերպմանը։
Ուսանողները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին, դրանք հիմնականում վերաբերում էին արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը՝ տարհանմանը, պատսպարմանը, թաքստոցների տեղակայմանը։