Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը ՀՊՏՀ-ում նշանավորվեց իրազեկող սեմինարով
Այսօր Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է։ Այդ կապակցությամբ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, համալսարանի քաղպաշտպանության գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանի նախաձեռնությամբ բուհում անցկացվեց «Զանգվածային ոչնչացման զենքեր» խորագրով իրազեկող սեմինար։ Հյուր-բանախոսն էր ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տեխնածին վթարների բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության մայոր Տիգրան Գևորգյանը։ Մասնակցում էին նշված ամբիոնի դասախոսներ, ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսը՝ դասախոս Վեներա Ոսկանյանի, կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսը՝ դասախոս Անի Տերտերյանի գլխավորությամբ։
Ելույթ ունեցավ Սիրանուշ Հարությունյանը՝ կարևորելով Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա նշանակությունը։ Նա պատմական ակնարկով խոսեց օրվա խորհրդի մասին։ Կենսաբանական ու քիմիական զենքերի մասին համառոտ տեղեկություն հայտնեցին 1-ին կուրսեցիները։
Սեմինարի հիմնական թեմային՝ զանգվածային ոչնչացման զենքերին, անդրադարձավ Տիգրան Գևորգյանը՝ մասնագիտական վերլուծություն ներկայացնելով դրանց էության, կիրառման, ազդեցությունների վերաբերյալ։ Նա պատասխանեց լսարանի հարցերին։
asue.am-ի հետ զրույցում Սիրանուշ Հարությունյանն ընդգծեց, որ оր օրի անհրաժեշտություն է դառնում քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացումը։
«Հատկապես վերջին պատերազմից և երկրաշարժից հետո մեր հասարակության քաղաքացիական պաշտպանության բարձրացմանն ուղղված միջոցառումների անցկացումը հրատապ է դառնում։ Մենք մեր գործառույթների շրջանակում, ամեն ուսումնական տարում կազմակերպում ենք տեղեկատվական հանդիպումներ»,-ասաց քաղաքացիական պաշտպանության գործառույթների պատասխանատուն։
asue.am-ի հետ զրույցում օրվա խորհուրդը կարևորեց դասախոս Անի Տերտերյանը․ «Ներկայումս քաղաքացիական պաշտպանության միջոցառումների շարքում առանձնապես կարևորվում է խոցման ժամանակակից միջոցներից, ինչու չէ նաև զանգվածային ոչինչացման զենքերից խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված նախապատրաստական միջոցառումների լիարժեք կազմակերպումը և հիմնական միջոցառումների օպերատիվ իրականացումը: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով հրահրված հայ-ադրբեջանական պատերազմը վեր հանեց քաղաքացիական պաշտպանության այն հիմնական բացերը, որոնք այժմ ենթակա են արագ արձագանքման»։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին