Ծառայությունների առևտուր. ՀՀ արտաքին տնտեսական գործունեության հեռանկարային սեգմենտը
Ծառայությունների առևտուր. ՀՀ արտաքին տնտեսական գործունեության հեռանկարային սեգմենտը
ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2023 թ. արտահանման ծավալները հասցնել ՀՆԱ 43-45 %: Շատ վերլուծաբաններ այս թիրախը համարում են անիրատեսական՝ դիտարկելով ապրանքների արտահանման ներկայիս ծավալները, որը կազմում է ՀՆԱ 20.7 % (2017 թ.): Սակայն երկրի արտահանումը ներառում է ոչ միայն ապրանքների, այլև ծառայությունների արտահանումը: Արդյո՞ք ՀՀ ծառայությունների արտահանման ծավալներն այդքան աննշան են, որ անտեսվեն:
Իրականում ծառայությունները կազմում են ՀՀ արտահանման 44.2 %-ը (2018 թ.): Խնդիրը նրանում է, որ ի տարբերություն ապրանքների առտևրի, որի վերաբերյալ Ազգային վիճակարգական ծառայությունը բավականին մանրամասն, ընդլայնված տեղեկատվություն է տրամադրում, ԱՎԾ ստանդարտ զեկույցներում ծառայությունների վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվում: Ծառայությունների առևտրի ցուցանիշները հակիճ, եռամսյակային պարբերականությամբ ներկայացվում են վճարային հաշվեկշռի շրջանակներում:
Վերջին երկու տասնամյակներում համաշխարհային առևտրում ծառայությունների կշիռն անշեղորեն աճում է՝ մի շարք գործոններով պայմանավորված, որոնցից ամենածանրակշիռը տեխնոլոգիական առաջընթացն է: Բարձր տեխնոլոգիաները թույլ են տալիս ծառայություններ մատուցել մեծ տարածությունների վրա առանց գնորդի և վաճառողի ֆիզիկական ներկայության: Տեխնոլոգիաները ստեղծում են ծառայությունների առաքման առավել ծախսաարդյունավետ ուղիներ՝ գործարքային ծախսերի նվազեցման և լոգիստիկ ցանցերի բարելավման միջոցով:
Տեխնոլոգիական առաջընթացը փոխում է նաև արտահանվող ծառայությունների կառուցվածքը: Թեև գերակշռում են ավանդական ծառայությունները, վերջին տասը տարիներին դրանց մասնաբաժինը կրճատվում է, փոխարենը ավելանում է ժամանակակից (բարձր տեխնոլոգիական) ծառայությունների մասնաբաժինը*:
Նման միտումներ դրսևորվում են նաև Հայաստանի Հանրապետությունում: 2000 թ. համեմատությամբ ծառայությունների արտահանումն ավելացել է 15 անգամ (համեմատության համար նշենք, որ ապրանքների արտահանումը նույն ժամանակահատվածում ավելացել է 8.3 անգամ): Ընդ որում, ավանդական ծառայությունների տեսակարար կշիռը նվազում է, փոխարենը անշեղորեն աճում է ժամանակակից բարձրտեխնոլոգիական ծառայությունների մասնաբաժինը ՀՀ ծառայությունների արտահանման մեջ:
Ապրանքների առևտրի նկատմամբ ծառայությունների առևտուրը զարգանում է առաջանցիկ տեպերով: 2013-2018 թթ. ծառայությունների առևտուրն ավելացել է 1.4 անգամ, ապրանքներինը՝ 1.2 անգամ: Ծառայությունների մասնաբաժինը ՀՀ արտաքին առևտրի մեջ նույն ժամանակահատվածում 36.6 %-ից հասել է 38 %:
2018 թ. ծառայությունների արտահանման ծավալները կազմել են 2062.8 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 2210,6 մլն ԱՄՆ դոլար: Վճարային հաշվեկշռի կազմման ողջ ընթացում ծառայություների հաշվեկշիռը եղել է բացասական: Մինչև 2017 թ. նկատվում էր պակասուրդի նվազման միտում՝ ի հաշիվ ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ աճի: Դրանով ծառայությունների առևտուրը նպաստել է ընթացիկ հաշվի բարելավմանը: 2018 թ. բացասական մնացորդը կազմել է 147,8 մլն ԱՄՆ դոլար նախորդ տարվա 27,9 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն, ինչը պայմանավորված էր արտահանման աճի տեմպերի դանդաղմամբ (2018 թ. նախորդ տարվա համեմատությամբ ծառայությունների արտահանումն ավելացել է 7.4 %-ով, ներմուծումը՝ 13.4 %-ով):
Ինչ ծառայություններ է արտահանում և ներմուծում Հայաստանը
ՀՀ ծառայությունների արտահանման հիմնական հոդվածներն են ճանապարհորդությունները, տրանսպորտը, տեղեկատվական ծառայությունները և շինարարությունը: Ներմուծման հիմնական հոդվածներն են՝ ճանապարհորդությունները, տրանսպորտը, այլ գործնական ծառայությունները:
ՀՀ ծառայությունների առևտրում առաջատար դեր ունեն ճանապարհորդությունները, որոնք բաժին է ընկնում ծառայությունների արտահանման 58.6 %-ը, ներմուծման՝ 63.6 %-ը: Այս տեսակի ծառայությունների արտահանման արժեքը 2018 թ. կազմել է 1207,9 մլն ԱՄՆ դոլար՝ 2013 թ. համեմատությամբ ավելանալով 1.4 անգամ, ներմուծման ծավալները կազմել են 1405,5 մլն ԱՄՆ դոլար՝ նույն ժամանակահատվածում ավելանալով 1.5 անգամ: ճանապարհորդությունների արտահանման 10.5 % կազմել է գործնական, 89,5 %՝ անձնական ճանապարհորդությունները, ներմուծման մեջ գործնական ճանապարհորդությունների մասնաբաժինը կազմել է 18.3%, անձնականինը՝ 81,7 %: Ճանապարհորդությունների հաշվեկշիռի բացասական մնացորդը 2018 թ. կազմել է 197.6 մլն ԱՄՆ դոլար: Վերջին հինգ տարիների ընթացքում բացասական մնացորդն անընդհատ աճի միտում է դրսևորել:
ՀՀ ծառայությունների առևտրի կառուցվածքում երկրորդ կարևոր հոդվածը տրանսպորտն է: 2013-2018 թթ. տրասպորտային ծառայությունների արտահանման գծով եկամուտները ավելացել են 1.5 անգամ կազմելով՝ 253,7 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումն ավելացել է 1.1 անգամ և կազմել 516,1 մլն ԱՄՆ դոլար: Տրասպորտային ծառայությունների արտահանման 80.2 %-ը կազմել են բեռնատար փոխադրումները, 10.9 %-ը մարդատար փոխադրումները: Բեռնատար փոխադրումները կազմում են տրանսպորտային ծառայությունների ներմուծման 84.5 %-ը, մարդատար փոխադրումները՝ 10.4 %-ը: Տրանսպորտային ծառայությունների ներմուծումը կրկնակի գերազանգում է արտահանումը: Տրանսպորտն ունի ամենամեծ բացասական հաշվեկշիռը (262.4 մլն դոլար):
ՀՀ ծառայությունների առևտրի ամենադինամիկ զարգացող ուղղությունը հեղահաղորդակցման, համակարգչային և տեղեկատվական ծառայություններն են, որոնց արտահանումը դիտարկվող ժամանակահատվածում ավելացել է 2.3 անգամ և կազմել 251.5 մլն ԱՄՆ դոլար: Ծառայությունների արտահանման մեջ դրանց մասնաբաժինը 7.3 %-ից հասել է 12.2 %-ի: Տեղեկատվական ծառայությունների ներմուծման ծավալները նվազել են 43.4 մլն դոլարից մինչև 30.8 մլն դոլար: Այս սեկտորն ունի ամենամեծ դրական մնացորդը` 220.7 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ ծառայությունների արտահանման կարևորագույն ուղղություններից է շինարարական ծառայությունները: Ընդունելի որակը և ցածր գինը ապահովում են ՀՀ շինարարական ծառայությունների մրցունակությունը հետխորհրդային տարածքում (մոտ 30 %-ը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն): Նշված ժամանակահատվածում շինարարական ծառայությունների արտահանման ծավալները նվազել են 15.1 %-ով, կազմելով 188,7 մլն ԱՄՆ դոլար: Այսպիսի ծառայություների ներմուծումն աննշան է՝ 2.7 մլն դոլար: 2018 թ. այս ոլորտի առևտրի դրական հաշվեկշիռը կազմել է 185.9 մլն ԱՄՆ դոլար:
Ազգային վիճակարգրական ծառայությունը ծառայությունների առևտրի աշխարհագրական կառուցվածքի վերաբերյալ տվյալներ չի հրապարակում:
Ընդհանրացնելով, նշենք, որ ՀՀ ծառայությունների առևտուրը արտաքին տնտեսական գործունեության ամենաարագ զարգացող ուղղություններից է, որի գերակշիռ մասը կազմում են ճանապարհորդություններն ու տրանսպորտային ծառայությունները: Վերջին հինգ տարիների ընթացքում անշեղորեն աճում է բարձր տեխնոլոգիական ծառայությունների մասնաբաժինը ՀՀ արտահանման մեջ: Ծառայությունների առևտուրը տնտեսական ինտեգրման նոր հնարավորություններ է ստեղծում, կարող է օժանդակել բազմազանեցման ռազմավարությանը:
* ավանդական ծառայություններն են՝ տրանսպորտը, զբոսաշրջությունը, շինարարությունը, անձնական, մշակութային և ռեկրեացիոն ծառայությունները, ժամանակակից բարձրտեխնոլոգիական ծառայություններն են գործարար ծառայությունները (ներառյալ ԳՀՓԿԱ և խորհրդատվական ծառայությունները), համակարգչային և տեղեկատվական ծառայությունները, ֆինանսական ծառայությունները, մտավոր սեփականության հետ կապված ծառայությունները
Վերլուծականներ՝
- Հին խնդիրներ, նոր լուծումներ. Հայաստանի նորարարական ոլորտի զարգացումները 2018 թվականին
- Ինչ է արտահանում և ներմուծում Հայաստանը
- Գլոբալ նորարարությունների ինդեքս. Հայաստանի նորարարական համակարգը 59-րդն է
- ՀՀ պետական պարտքի աճը կարող է խնդրահարույց լինել տնտեսության համար
- Վերլուծական կենտրոնների վարկանշավորումը. մեթոդաբանական հարցեր
Հետազոտություններ՝
- Չինաստանի ուղեղային կենտրոնները
- Հայաստանի բուհական վերլուծական կենտրոնները
- Հայաստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում. տնտեսություն և քաղաքականություն
- Արտասահմանյան առաջատար համալսարանական «ուղեղային կենտրոնների» գործունեության ուսումնասիրությունն ու լավագույն փորձի ներդրման հնարավորությունները ՀՀ-ում
Զեկույցներ՝