1-ին փուլի արդյունքում ՀՊՏՀ առկա մագիստրատուրայում հայտագրվել է 402 դիմորդ

Դիտումների քանակ՝ 2085

ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի անվճար և վճարովի տեղերի առաջին փուլի դիմում- հայտերի ընդունման առաջին փուլը ավարտվել է երեկ, արդյունքում հայտագրվել է  402 դիմորդ: Առկա մագիստրատուրայի անվճար 95 տեղի համար հայտագրվել է 157 դիմորդ, 245 դիմորդ էլ հայտագրվել է վճարովի ուսուցմամբ առկա մագիստրատուրայում:

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից, ամենաշատ հայտեր ստացվել են «Բանկային գործունեության կազմակերպում», «Գործարար վարչարարություն», «Աուդիտ», «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում», «Մաքսային վարչարարություն», «Մարդկային ռեսուրսների կառավարում» մասնագիտությունների գծով: Նշենք սակայն, որ բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ տեղերի համար փաստաթղթերի ընդունումը կշարունակվի երկրորդ փուլով, որը կանցկացվի օգոստոսի 1-26-ը ներառյալ, իսկ առկա մագիստրատուրայի անվճար տեղերի համար մրցույթը կամփոփվի հուլիսին:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը asue.am-ի հետ զրույցում ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի նկատմամբ դիմորդների հետաքրքրությունը լավ է գնահատում: Նրա խոսքով, դիմորդների համար բավական գրավիչ են հատկապես նոր մագիստրոսական կրթական ծրագրերը: «Հայտագրման պատկերը ցույց է տալիս, որ դիմորդների շարժը, հետաքրքրությունը մեծ է  հատկապես մագիստրոսական նոր կրթական ծրագրերի նկատմամբ: Այդ ծրագրերը գրավիչ են իրենց առաջարկով. 1,5 տարի տևողությունը, դասերի կազմակերպումը ժամը 18.00-ին և մյուս հանգամանքները բավական գրավիչ են դիմորդների համար»,- ասաց Գրիգոր Նազարյանը:

Նշենք, որ 1-ին փուլի դիմորդները շեմային քննությունները հանձնելու են սույն թվականի հուլիսի 3-ին, ժամը 11.00-ին: Յուրաքանչյուր կրթական ծրագրի շեմային քննությանը և հարցաշարերին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումով, իսկ մասնագիտություններին, կրթական ծրագրերին և ուսման վարձերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մագիստրոսական կրթության այլ մանրամասների, այդ թվում՝ կրթական ծրագրերին, կարող եք ծանոթանալ կայքի «Մագիստրատուրա» բաժնում:

Սիրելի դիմորդներ, հիշեցնենք նաև, որ ընդունելության գործընթացին վերաբերող հարցերի դեպքում կարող եք գրել հատուկ այս տարվա ընդունելության համար բացված ՀՊՏՀ դիմորդ 2020-2021 ֆեյսբուքյան խմբում, որտեղ ձեզ հուզող հարցերը կպարզաբանեն հանձնաժողովում ընդգրկված խորհրդատուները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին