Ես «Ժողինստիտուտի» առաջին շրջանավարտներից եմ. Սամվել Գրիգորյան
ՀՊՏՀ 45-ամյակին նվիրված բլից հարցազրույցներից հերթականը տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Սամվել Գրիգորյանի հետ է: Անկեղծ զրույցում վաստակաշատ դասախոսը արտահայտում է ՀՊՏՀ-ի հանդեպ իր մեծ սերն ու նվիրումը: Իրավամբ, պատիվ է կրթօջախի առաջին շրջանավարտներից լինելն ու երկար ու ձիգ տարիներ անընդմեջ նույն կրթօջախում արդեն որպես դասախոս սերունդներ կրթելը: Հարցազրույցը` ստորև:
-Մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:
-ՀՊՏՀ-ն ոչ միայն մեր մասնագիտական կայացման միջավայրն է, այլև` մեր երկրորդ
տունն ու հանգրվանը:
- Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:
-ՀՊՏՀ-ում աշխատում եմ 1976 թվականից: Սկսել եմ ավագ լաբորանտից և անցել եմ բոլոր աստիճաններով` հասնելով դոցենտի պաշտոնին: Եվ զուգահեռաբար, 22-տարի (1991-2013թթ.) անընդմեջ եղել եմ նաև կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ:
-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:
-Ոչ միայն աշխատանքը, այլև հարազատ օջախի, ընտանիքի զգացողությունը:
-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…
-Ես «Ժողինստիտուտի» առաջին շրջանավարտներից եմ, որտեղ պետական քննություններ եմ հանձնել 1976 թվականին և, ստանալով գերազանցության դիպլոմ, աշխատանքի եմ ընդունվել հարազատ բուհում և առ այսօր շարունակում եմ աշխատել:
-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:
-Երջանկահիշատակ Սերգեյ Մելիքյանը:
-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:
-Մեկ այլ ոլորտում ինձ չեմ պատկերացնում:
-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:
-Բուհի հեղինակությունն ու վարկանիշը բարձր պահելու ձգտումը, ղեկավարության հանդեպ հարգանքն ու վստահությունը, կոլեկտիվում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը:
- ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:
-Անշուշտ, այնպես, ինչպես իմ հարազատ ընտանիքի հաջողությունները:
-Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:
-Ձևավորվել ու հասունացել եմ այստեղ, և այն ասոցացվում է իմ անցյալի, ներկայի ու ապագայի հետ:
-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:
-Միշտ եղել և մնում է իմ հարազատ տնտեսագիտության տեսության ամբիոնը:
-ՀՊՏՀ-ն կարողանու՞մ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:
-Կարողանում է ապահովել համերաշխ համագործակցություն և սահուն սերնդափոխություն:
-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….
-Այո, շատ հարցերում ես էլ եմ դիմում երիտասարդներին, բայց հիմնականում նրանք են ինձ համարում իրենց խորհրդատուն:
-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:
-Լինել դասախոս, նշանակում է լինել բարձր կարգի գիտնական-մանկավարժ, ուսանողի համար չափանիշ ու խորհրդատու:
-Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:
-Իմ հարազատ «Ժողին» և ներկայիս ՀՊՏՀ-ին 45-ամյա հոբելյանի առիթով շնորհավորում եմ որպես նրանից ծնված ու նրանով ապրող անձնավորություն և ցանկանում եմ, որ է′լ ավելի բարձրանա նրա վարկանիշն ու հեղինակությունը ոչ միայն տնտեսագիտական բարձրորակ կադրերի պատրաստման ոլորտում, այլև համաշխարհային տնտեսագիտական մտքի զարգացման ասպարեզում:
-Շնորհակալ ենք հարցազրույցի համար, պարոն Գրիգորյան և մաղթում ենք, որ աշխատելու և կատարելագործվելու Ձեր մեծ եռանդը երբեք չմարի:
Շարունակելի…
Հ.Գ. ՀՊՏՀ վաստակաշատ դասախոսներ Արամ Սարգսյանի, Միքայել Թավադյանի, Զոյա Թադևոսյանի, Արկադի Հայրապետյանի, Սուսաննա Չալաբյանի, Յուրի Հովականյանի հետ asue.am-ի բլից հարցազրույցներին ծանոթացեք ակտիվ հղումներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին