«Ամբերդի» փոխտնօրենը մասնակցել է ուղեղային կենտրոնների երրորդ գլոբալ առցանց համաժողովին
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյան ս.թ. հունիսի 30-ին մասնակցել է Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի (ԱՄՆ) կողմից կազմակերպված երրորդ առցանց գլոբալ համաժողովին:
Այս մասին asue.am-ին հայտնեց Վարդան Աթոյանը՝ նշելով, որ ինքը ներգրավված է եղել “3rd Global Think Tank Virtual Town Hall: From Solidarity to Solutions to Save Lives and Livelihoods” խորագրով գլոբալ համաժողովի պլանավորման հանձնաժողովի կազմում, որը նվիրված էր COVID-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին և այդ համատեքստում ուղեղային կենտրոնների դերակատարության, պետությունների, հասարակությունների և ուղեղային կենտրոնների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցերին:
«Ինչպես արդեն գիտեք, այս թեմայի վերաբերյալ սա թվով երրորդ գլոբալ համաժողովն էր:Առաջին գլոբալ համաժողովը տեղի էր ունեցել ս.թ. ապրիլի 7-ին, երկրորդը՝ մայիսի 13-ին, որոնց նույնպես մասնակցության հրավեր էի ստացել: Բացի այդ, ս.թ. մայիսի 29-ին տեղի էր ունեցել երրորդ գլոբալ համաժողովի պլանավորման աշխատանքային խմբերից մեկի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով ուղեղային կենտրոնների ոլորտին առնչվող իմ հետազոտական հետաքրքրությունները, հրավիրվել էի հանդես գալու համապատասխան զեկույցով: Նշեմ, որ երրորդ՝ ամփոփիչ գլոբալ համաժողովին մասնակցել են շուրջ 90 երկրների 500-ից ավելի ուղեղային կենտրոնների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ աշխարհի առաջատար և ամենաազդեցիկ հաստատություններից: Այս համաժողովի ընթացքում ներկայացվեցին նախորդ համաժողովի արդյունքներով ձևավորված 5 աշխատանքային խմբերի կողմից պատրաստված զեկույցներն ու դրանց շրջանակներում ոլորտի փորձագետների մշակած երաշխավորությունները: Հավելեմ, որ ես ընդգրկված եմ եղել հինգերորդ աշխատանքային խմբում, որի նպատակն էր մշակել արդի ժամանակներին համահունչ ուղեղային կենտրոնի նոր գործառնական մոդել, ինչպես նաև ներկայացնել ուղեղային կենտրոնների կողմից իրականացվող հետազոտությունների, հաղորդակցության ձևաչափերի, գործիքակազմերի և ֆինանսավորման հետ կապված արդի խնդիրներն ու լուծման ուղիները: Դրա շրջանակներում պատրաստել և ներկայացրել էի նաև ամփոփ առաջարկներ ու մի շարք երաշխավորություններ, որոնք նույնպես տեղ են գտել վերջնական զեկույցում: Շուրջ երկու ամիս մշակվող և Ուղեղային կենտրոնների երրորդ գլոբալ համաժողովի արդյունքներով կազմված վերջնական զեկույցը շուտով պատրաստ կլինի և հասանելի կլինի բոլոր երկրների որոշում կայացնողներին, քաղաքականություն մշակողներին, ուղեղային կենտրոններին և լայն հանրությանը»,- մանրամասնեց մեր գործընկերը՝ ուրախություն հայտնելով, որ իր մասնակցության արդյունքում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի անունը նույնպես ներառվել է այդ հեղինակավոր զեկույցը մշակողների ցանկում:
Վարդան Աթոյանի կարծիքով, կատարված աշխատանքն իր նպաստը բերեց աշխարհը փոթորկող ներկա համավարակի դեմ պայքարում միջազգային փորձագիտական հանրույթի կողմից գործադրվող ջանքերին: «Համոզված եմ, որ պետք է շարունակել այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները և հետագայում նույնպես ներգրավվել ուղեղային կենտրոնների ոլորտում նման բարձր մակարդակի միջազգային գործընթացներում, ինչը, թերևս, մեր կենտրոնի հիմնադրումից ի վեր մշտապես փորձել ենք իրականացնել: Կարծում եմ՝ այսպես է հնարավոր աստիճանաբար առավել շոշափելի ու ծանրակշիռ արդյունքներ արձանագրել և ուղեղային կենտրոնների համայնքում ճանաչման ու միջազգային հեղինակության արժանանալ», - եզրափակեց կենտրոնի փոխտնօրենը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին