Կայացել է գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցմանը նվիրված երկօրյա առցանց աշխատաժողովը․ արդյունքները գոհացնող են

12.03.2021
Դիտումների քանակ՝ 1604

«Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակներում, ՀՊՏՀ նախաձեռնությամբ, մարտի 11-12-ն անցկացվեց գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցմանը նվիրված երկօրյա առցանց աշխատաժողով, որին մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ՀՊՏՀ գիտնական-հետազոտողներ ու աշխատակիցներ, ՀՀ գիտահետազոտական ենթակառուցվածքի/ակադեմիական հաստատությունների, արտասահմանյան բուհերի և ՓՄՁ ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկան Դիանա Գալոյանը, Կարեն Թռչունյանը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բագրատ Գրիգորյանը։

Դիանա Գալոյանը նշեց, որ ՀՊՏՀ-ն «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի համակարգողն է և հույս հայտնեց՝ նախագիծը կարող է մեծ դերակատարում ունենալ ՓՄՁ-ների զարգացման համար, այն նպատակ ունի աշխուժացնելու Հայաստանում և Վրաստանում ՓՄՁ-ների և հետազոտական ենթակառուցվածքների միջև համագործակցությունը։

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը կարևորեց թեմայի՝ թեկուզ առցանց ձևաչափով քննարկման անհրաժեշտությունը և հույս հայտնեց միջոցառման ավարտից հետո, գործընկերների միջև արդյունավետ համագործակցությամբ Հայաստանում հետազոտություն կատարելուց զատ, անցում կատարել արդյունք ապահովող աշխատանքներին. «Այսօր Հայաստանում առաջնահերթություն է գիտելիքը արդյունքի վերածելու անհրաժեշտությունը: Լաբորատորիաներում կատարվող հետազոտությունները մնում են լաբորատորիաներում. սա առաջնային խնդիր է, որը շտապ լուծում է պահանջում»:

Բագրատ Գրիգորյանը հետազոտական ինստիտուտներ-ՓՄՁ երկխոսության ձևավորման առումով կարևորեց աշխատաժողովը։

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը ամփոփ խոսեց նշված նախագծի էության, նպատակների, ընթացիկ արդյունքների, առաջիկա անելիքների ու ակնկալվող վերջնարդյունքների մասին։

Աշխատաժողովի բուն մասը կազմող բանախոսությունները խարսխված էին եվրոպական փորձի ներկայացման վրա։

Մարտի 11-ի առաջին բանախոսն էր Մասարիկի համալսարանի տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի տնօրեն Էվա Յանուշկովցովան, որը հանդես եկավ «Մտավոր սեփականության շահագործում։ Գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցումը գործնականում» բանախոսությամբ։

Մյուս խոսնակն էր Կոշիցեի տեխնոլոգիական համալսարանի մտավոր սեփականության պաշտպանության վարչության պետ Պետեր Չիժմարը, ով հանդես եկավ «Գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցումը Սլովակիայում և Կոշիցեի տեխնոլոգիական համալսարանում» թեմայով։

Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանի միջառարկայական հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար Մաուգորժատա Դոբրովոլսկան բանախոսեց «Ապրանքների առևտրայնացման հաջողակ փորձի օրինակներ. գաղափարից մինչև իրականացում: Spin-off ընկերության ներկայացում» թեմայով։

Յուրաքանչյուր ելույթից հետո ծավալվեց ակտիվ հարցուպատասխան։

Աշխատաժողովի վերջում Կոշիցեի տեխնոլոգիական համալսարանի դոցենտ Պավոլ Լիպովսկին մասնակիցների հետ անցկացրեց գործնական աշխատանք-քննարկում՝ ուղղված հետազոտական նախագծերի կառուցման առանձնահատկություններին։

Աշխատաժողովը շարունակվեց մարտի 12-ին։ Ողջույնի խոսքում Արփինե Ջրաղացպանյանն ընդգծեց, որ նախորդ բանախոսությունները տպավորիչ էին, համագործակցությունը՝ բեղմնավոր։ Նրա գնահատմամբ՝ աշխատաժողովի արդյունքները գոհացուցիչ էին։

Առաջին բանախոսը Մասարիկի համալսարանի մտավոր սեփականության իրավունքների կառավարիչ Մարկետա Վլասակովան էր, ով ծավալուն կերպով ներկայացրեց «Մտավոր սեփականության իրավունքները և ինչի համար են դրանք անհրաժեշտ» թեման։

Կոշիցեի տեխնոլոգիական համալսարանի դոցենտ Պավոլ Լիպովսկին մասնակիցներին ներկայացրեց Սլովակիայում կիրառական հետազոտական նախագծերը և հաջողության պատմություններ՝ գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ։

Սիլեսիանի տեխնոլոգիական համալսարանի շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Զիգմունթ Վուկաշչեքը բանախոսեց «Ապրանքի առևտրայնացման հաջող փորձի օրինակներ. գաղափարից մինչև իրականացում» թեմայով։

Խոսնակներն իրենց ելույթներն ամփոփեցին մասնակիցների հետ քննարկմամբ։

Այսպիսով, աշխատաժողովն իր թիրախային 2 խմբերին՝ հետազոտական կենտրոններին և ՓՄՁ-ներին հաղորդեց համապատասխան գիտելիքներ. առաջինի դեպքում՝ գիտելիքի առևտրայնացման եվրոպական փորձը, երկրորդի դեպքում՝ ինչու և ինչպես համագործակցել գիտահետազոտական ինստիտուտների ու ակադեմիական կառույցների հետ և շուկայում զբաղեցնել առավել մրցունակ դիրք:

Նախագծի վերաբերյալ ավելին հասանելի է նախագծի կայքում, ՖԲ էջում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին