Շուրջ 65 տարի ռուս բանասիրության ոլորտում. կյանքից հեռացել է Նելլի Գեղամի Ավագյանը
Կյանքից հեռացել է շուրջ 65 տարի ռուս բանասիրության ոլորտում գիտամանկավարժական գործունեություն ծավալած Նելլի Գեղամի Ավագյանը: Վեց լեզուների տիրապետող փայլուն բանասերը իր կյանքն անմնացորդ նվիրել է դպրոցում և բուհական համակարգում ռուսաց լեզվի և գրականության դասավանդմանը:
Երկար տարիներ Նելլի Ավագյանը ղեկավարել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնը, այնուհետև՝ Ռուս-հայկական համալսարանի «Ռուսաց լեզվի մեթոդական կենտրոնը»: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել գիտական, գիտամեթոդական համաժողովներին ոչ միայն հանրապետությունում, այլև արտերկրում:
Ռուս-հայկական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Նելլի Ավագյանը շուրջ 70 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ 1 մենագրության, 10 ուսումնամեթոդական ժողովածուի, 20 դասագրքի և մեթոդական ձեռնարկների: Նրա հեղինակությամբ հրատարակվել են «Ռուս-հայերեն տնտեսագիտական բացատրական բառարանը» (Երևան 2006), «Ռուս-հայերեն-անգլերեն տնտեսագիտական եզրույթների և հասկացությունների բացատրական բառարանը» (Երևան 2010): Ակտիվորեն զբաղվել է երիտասարդ կադրերի պատրաստման գործով, միշտ ցուցաբերել է մասնագիտական օգնություն, փոխանցել փորձը և տվել արժեքավոր խորհուրդներ:
Նելլի Ավագյանի լուսավոր կերպարը հավերժ կմնա նրա սաների և գործընկերների հիշողության մեջ: Լեզուների ամբիոնի աշխատակազմը իր ցավակցությունն է հայտնում սիրելի գործընկերոջ ընտանիքին և հարազատներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին