«Օդային տագնապ» թեմայով դաս-ուսումնավարժանք ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1503

«Արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանություն» առարկայի շրջանակում մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների հերթական դասի ընթացքում տեղի ունեցավ «Օդային տագնապ» խորագրով ուսումնավարժանք: Կազմակերպիչը դասախոս, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Սիրանույշ Հարությունյանն էր, որը նաև ՀՊՏՀ-ում ԱԻ և քաղպաշտպանության գործառույթների պատասխանատուն է: Դաս-ուսումնավարժանքին իրենց ցանկությամբ մասնակցեցին նաև տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և այլ մասնագիտությունների ուսանողներ: Ուսումնավարժանքի անցկացմանն իրենց գործուն աջակցությունն ունեցան վերոնշյալ ամբիոնի դասախոսները, վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի աշխատակիցները:

Վարժանքի ընթացքում ուսանողները կատարեցին հետախուզական աշխատանք, հակահրդեհային, փրկարարական և առաջին բուժօգնության գործողության մեջ մտնող բոլոր միջոցառումները:

«Տեսականը պետք է լրացնել գործնականով և նմանօրինակ վարժանքները պետք է կազմակերպել հաճախակի, քանի որ դրանք բարձրացնում են երիտասարդների՝ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պատրաստականությունը, զգոնությունը, ռազմահայրենասիրական ոգին, օգնություն ցուցաբերելու հմտությունը: Մենք պատերազմող երկիր ենք, և բուհում քաղպաշտպանություն, առաջին բուժօգնություն առարկաների դասավանդումը ունի ռազմավարական նշանակություն: Պետք է հիշել, որ անկախ մասնագիտությունից՝ բնակչության պաշտպանությունն ու անվտանգությունը առաջնահերթ է, պետք է տիրապետել դրանց կազմակերպմանը, հարկ եղած դեպքում գործել ավելի համակարգված: Պատահական չէ, որ ՀՀ Կառավարության որոշմամբ այս առարկաները ոչ միայն պարտադիր են, այլև՝ հատուկ»,-դասի անցկացման նպատակը հիմնավորեց Սիրանուշ Հարությունյանը և ուսանողների պատրաստականությունը լավ գնահատեց:

Քաղպաշտպանության թեմայով միջոցառումները ողջ ուսումնառության գործընթացում շարունակական կլինեն. առաջիկայում նախատեսվում են բաց դասեր՝ նվիրված զանգվածային ոչնչացման զենքերի տեսակներին և Սպիտակի երկրաշարժի տարելիցին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին