Քննաշրջանի արդյունքներ, հաշվետվություններ, կարգերի հաստատում և քվեարկություն՝ գիտական խորհրդի այսօրվա նիստում (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1377

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ ՀՊՏՀ գիտական խորհրդի նախագահ, ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի նախագահությամբ: Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը զեկուցեց 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին՝ ներկայացնելով կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, հիմնական արդյունքները, ինչպես նաև խնդիրները: Պրոռեկտորն ընդգծեց, որ 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանին (առանց 1-ին և երկրորդ վերահանձնումների) առկա և հեռակա բակալավրիատում և մագիստրատուրայում մասնակցել է 4023 ուսանող, որոնցից դրական գնահատական են ստացել 3005-ը կամ 74,7 տոկոսը: «ՀՊՏՀ-ում ուսման առաջադիմությունը գրեթե բոլոր կրթաձևերում հիմնականում բարելավվել է»- ասաց Արմեն Գրիգորյանը: Ներկայացված հաշվետվությունը, խնդիրների ընդգծմամբ և պատասխանատուներին ուղղված հանձնարարականներով, հաստատվեց:

Արմեն Գրիգորյանը զեկուցեց նաև «Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների մասին», «2019-2020 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների մասին» և «Կրթական ծրագրերի իրականացման ընթացքի մասին» հարցերը: 2018-2019 ուսումնական տարում, պրոռեկտորի հաշվետվության համաձայն, համալսարանն ունեցել է առկա ուսուցման բակալավրիատի 1003, հեռակա բակալավրիատի 382 և առկա մագիստրատուրայի 359 շրջանավարտներ, որոնց համար կազմակերպվել են ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններ, որոնք գերազանցապես կազմակերպվել են ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործմամբ: Ընդունելության գործընթացի մասին Արմեն Գրիգորյանը մասնավորապես նշեց, որ առկա բակալավրիատ է ընդունվել 688 դիմորդ, առկա մագիստրատուրա՝ 434, հեռակա մագիստրատուրա՝ 173, հեռակա բակալավրիատ՝ 170 դիմորդ: Ընդունելության գործընթացը բարելավվելու համար ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը կարևորեց՝ հարկավոր է վերանայել մագիստրոսական ծրագրերը, ապա հավելեց՝ մասնագիտական կողմնորոշման դաշտում ՀՊՏՀ-ն սկսել է ակտիվորեն աշխատել: «Մագիստրոսական կրթական ծրագրերը պետք է հիմնովին բարեփոխել` համապատասխանեցնելով գործատուների պահանջներին»,- հայտարարեց բուհի ղեկավարը: Հանձնարարականների և խնդիրների ներառմամբ հաշվետվություններն ընդունվեցին:

Մրցութային հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը նշեց, որ պրոֆեսորի գիտական կոչում ստանալու համար դիմել է ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ, տ.գ.դ. Արմեն Հակոբյանը, դոցենտի գիտական կոչում ստանալու համար՝ ՀՊՏՀ դասախոսներ, տնտեսագիտության թեկնածուներ Աննա Փախլյանը, Աղասի Թավադյանը և Նարինե Միրզոյանը: Փակ գաղտնի քվեարկությամբ Արմեն Հակոբյանը ստացավ պրոֆեսորի, Նարինե Միրզոյանն ու Աննա Փախլյանը՝ դոցենտի գիտական կոչումներ: Քվեարկությամբ գիտխորհուրդը հաստատեց արդյունքները, որով թեկնածուները կդիմեն ԲՈԿ՝ հաստատման:

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը զեկուցեց «Ամբերդ տեղեկագիր» գիտահանրամատչելի հանդես հրատարակելու մասին՝ նշելով, որ այն կլինի հանրամատչելի հանդես՝ ուղղված լայն հանրությանը, լույս կտեսնի թղթային և էլեկտրոնային եղանակներով: Գաղափարը առաջադրել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, և նոյեմբերի վերջին արդեն լույս կընծայվի առաջին համարը:

Պրոռեկտորը զեկուցեց գիտաուսումնական խմբերի գործունեությանն ուղղված մի քանի կարգեր ուժը կորցրած ճանաչելու մասին հարց՝ նշելով, որ գիտահետազոտական աշխատանքների կանոնակարգման համար նոր փաստաթուղթ է արդեն ներկայացվել ամբիոններին: Գիտական խորհուրդը հաստատեց այս հարցը, երաշխավորեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հասարակական գիտություններ» բնագավառի «Տնտեսագիտություն և գործարարություն» մասնագիտության թեմատիկ-ոլորտային՝ «Հանրային կառավարման համակարգի թվայնացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտական թեման, (ղեկավար՝ կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Գագիկ Սերգեյի Ասլանյան), հրատարակության երաշխավորեց բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտներ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուներ Արայիկ Կարապետի Պողոսյանի և Վլադիմիր Ռաֆայելի Դավթյանի «Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության խնդիրների ժողովածու» ուսումնական ձեռնարկը և փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոֆյա Նիկոլայի Օհանյանի «Վերծանելով գեղեցիկի գաղտնագրերը: Փիլիսոփայական մտորումներ (մաս երկրորդ) ուսումնաօժանդակ ձեռնարկը, հաստատեց  ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին