ՀՊՏՀ գիտական խորհուրդը մեծարեց Ռաֆայել Երվանդյանին

Դիտումների քանակ՝ 1806

Այսօր ՀՊՏՀ գիտական խորհուրդը սկսվեց օրակարգից դուրս մի քանի հարցով: Գիտական խորհրդի նախագահ, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը հայտնեց, որ խորհրդի անդամներն այսօր ծննդյան 80-ամյակի առիթով մեծարելու և շնորհավորական խոսք են հղելու «Տնտեսագետ» ամսագրի հիմնադիր և երկարամյա խմբագիր (1977–2004 թթ.), «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի պատասխանատու քարտուղար (2004–2011 թթ.) Ռաֆայել Երվանդյանին: Բուհի ղեկավարն արժևորեց Ռաֆայել Երվանդյանի ավանդը մեր համալսարանի գործունեության մեջ, մասնավորապես՝ հրատարակչական գործում, բարձր գնահատեց նրա մասնագիտական ու մարդկային որակները:

Դիանա Գալոյանը ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և աշխատակիցների, «Տնտեսագետի» բազմաթիվ ընթերցողների անունից ուղերձ հանձնեց, որում մասնավորապես ասված է. «Ձեզ ճանաչող յուրաքանչուր մարդու հոգում այս փառահեղ հոբելյանը խորին հարգանք, երախտագիտության մեծ զգացում ու հիացմունք է ծնում և առիթ ստեղծում վերստին արժևորելու Ձեր կերպարն ու վաստակը: Որպես լրագրող, խմբագիր, մանկավարժ, գրող և հրապարակախոս Դուք ուրույն ճանապարհ եք անցել, որի ընթացքում ոչ մի վայրկյան Ձեզ չեն լքել ստեղծագործական եռանդը, սկզբունքային ու անաչառ դիրքորոշումը: Անձնական և հասարակական հարաբերություններում, ստեղծագործական ասպարեզում և բոլոր իրավիճակներում Ձեզ ուղեկցել է բարյացակամ, անմիջական ու սրտառուչ լինելու հաստատակամությունը, որում բազմիցս վերահաստատել եք Ձեր ՄԱՐԴ տեսակը»:

Փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Յուրի Հովականյանը, որպես գործընկեր և համախոհ, որպես ականատես Երվանդյանի բազմամյա գործունեության, իր սրտառուչ խոսքն ասաց՝ ընդգծելով. «Յուրաքանչուր համարը երկնում էր, պետք էր պարզապես տեսնել Երվանդյան Ռաֆայելին թերթի հրատարակման նախօրեին՝ անհանգիստ ու խռովահույզ, ինքն իր եռքի մեջ և հաջորդ օրը բազկաթոռին թիկնած՝ հոգնած, բայցև՝ խաղաղ… Կրթության հիմնախնդիրներ, ներինստիտուտային կյանք, ուսանողական առօրյա, ուսանող-ստեղծագործողների առաջին թոթովանքներ, հոբելյանններ, իսկ Արցախյան ազատամատի տարիներին՝ նաև ուսանող ազատամարտիկների կյանքի ու հերոսության դրվագներ… Թվելն անիմաստ է, անհրաժեշտ է պարզապես վերցնել այդ տարիներին հրատարակված թերթի համարները և կարդալ՝ մեկ անգամ ևս ապրելու համար այդ ամենը», ապա հավելեց՝ Երվանդյանը վաստակած հանգստի է անցել, սակայն շարունակում է իր բեղմնավոր ստեղծագործական աշխատանքը, միայն վերջին 1 տարվա ընթացում 3 գիրք է հրատարակել՝ պատմվածքների ժողովածու, հուշագրություններ, արվեստաբանություն:

Ի պատասխան, դիմելով բուհի ղեկավար Դիանա Գալոյանին, հոբելյարը ասաց, որ ՀՊՏՀ գիտական խորհրդի պատվարժան անդամների կողմից գնահատված լինելը հաճելի զգացումներ է առաջացնում և հավաստիացնում, որ 40-ամյա իր աշխատանքային գործունեությունը արժանի է մեծարման:

«Շնորհակալություն, սիրելի՛ բարեկամներ: Երախտագիտություն եմ հայտնում՝ հոբելյարիս նման պատվի արժանացնելու համար»,- ասաց Ռաֆայել Երվանդյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին